Connect with us

Politics

Ձերբակալությունների հերթը հասավ բարեփոխականներին

Ձերբակալությունների հերթը հասավ բարեփոխականներին

Իրանում ձերբակալել են «Բարեփոխումների ճակատ»-ի առաջնորդ Ազար Մանսուրիին և «ճակատի» ևս երեք անդամի:

Նրանք մեղադրվում են երկրի ներքին մթնոլորտը սրելու, ազգային համախմբվածությունը թիրախավորելու, սահմանադրության դեմ դիրքորոշում արտահայտելու, թշնամական քարոզչության հետ համակարգված գործելու, պարտվողականություն քարոզելու, հեղաշրջման ընդհատակյա մեխանիզմներ ստեղծելու մեջ:

«Բարեփոխումների ճակատը», որն իր մեջ բարեփոխական տարբեր կուսակցություններ ու շարժումներ է ներառում, 2024թ. նախագահական ընտրություններում աջակցել է Փեզեշքիանին:

2025-ի հունիսյան պատերազմից հետո նրանք պարբերաբար հայտարարություններով են հանդես եկել՝ Փեզեշքիանին առաջարկելով խորքային բարեփոխումներ իրականացնել (նաև հանդիպել են Փեզեշքիանի հետ): Նրանց առաջարկած փոփոխություններից էին քաղբանտարկյալների ազատ արձակումը, որոշումների կայացման մեխանիզմների, քաղաքական մրցակցությունը սահմանափակող ինստիտուտների բարեփոխումը, ԶՈւ տնտեսական, քաղաքական գործունեության սահմանափակումը, ուրանի հարստացման կամավոր դադարեցում/հետաձգումը, ԱՄՆ հետ համապարփակ բանակցությունների անցկացումը և այլն:

Շրջանառվել են լուրեր, որ հունվարյան ցույցերի ընթացքում «Բարեփոխումների ճակատը» նաև հայտարարություն է պատրաստել, որտեղ պահանջել են Ալի Խամենեիի հրաժարականը, սակայն այդ հայտարարությունը չի հրապարկվել: Փոխարենը ճակատի առաջնորդը հայտարարել էր, որ, ցույցերը ճնշելու փոխարեն, պետք է լսել մարդկանց պահանջները, իսկ խոսնակն էլ ընդգծել էր, որ ներկա պայմանները ոչ միայն շատ հեռու են ժողովրդի պահանջներից ու ցանկություններից, այլև որևէ աղերս չունեն այն պատկերացման հետ, որ բարեփոխականներն ի սկզբանե ունեին Իսլամական Հանրապետության մասին:

Նման պահանջների ու կարծիքների համար նրանք պահպանողականների կողմից լայն քննադատության են արժանացել՝ որակվելով որպես «ԱՄՆ-ի և Իսրայելի գործակալներ», ու հիմա, փաստացի, հենց նման մեղադրանքով էլ ձերբակավել են:

Այս տեմպերով չի բացառվում, որ թիրախում կարող է լինել նաև նախկին նախագահ Հասան Ռոհանին (որն այս օրերին «մեծ բարեփոխման» և հանրաքվե անցկացնելու կոչ է արել) և նախկին արտգործնախարար Ջավադ Զարիֆը. նրանց ձերբակալված տեսնելու ցանկություն ունեցողները քիչ չեն:

Այս իրավիճակը գալիս է փաստելու, որ իր դեմ ուղղված ճնշումներին համակարգն արձագանքում է ավելի մեծ ճնշմամբ, վերահսկողության ուժեղացմամբ ու այլակարծության բացառմամբ: Իսլամական Հանրապետությունը գնում է առավել կարծրացման ու պարփակման ճանապարհով՝ հօդս ցնդեցնելով խորքային բարեփոխումների հեռանկարն ու ավելի շատ ապավինելով ուժային կառույցներին: Համենայն դեպս, սա այս պահի դրությամբ եղած իրականությունն է, և առայժմ դժվար է պատկերացնել, որ հետագայում այն կփոխվի։

Continue Reading
Click to comment

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով