Politics
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՇԱՀԸ՝ ՄԻ ԿՈՂՄՈՒՄ, ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ՝ ՄԵԿ ԱՅԼ ԿՈՂՄՈՒՄ
1993-ին Լոնդոնում հիմնադրված զբոսաշրջային World Travel Awards կազմակերպությունն իր ավանդը ներդրեց ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլի վերընտրության գործում: 2025 թվականին Հայաստանը մրցանակաբաշխության շրջանակում արժանացել է «Եվրոպայի ժառանգության առաջատար ուղղություն» կոչմանը։ Կարծես թե օբյեկտիվ գնահատական է տրված Հայաստանի մշակութային ժառանգությանը: Բայց եկեք վերհիշենք, որ մեկ-երկու շաբաթ առաջ Նիկոլը, եթե չեմ սխալվում, Արոյին հատուկ հանձնարարական էր տվել: Իմաստն այն էր, որ աշխատանք տարվի արևմտյան պետությունների դեսպանատների հետ: Որպեսզի դրանք դադարեցնեին իրենց երկրների քաղաքացիներին մեր երկրի առանձին տարածքները որպես վտանգավոր ներկայացնելուց: Իսկ եթե երկրի տարածքի առնվազն մեկ երրորդն անընդհատ ներկայացվել է որպես վտանգավոր, ապա ինչի՞ հիման վրա է երկիրը նման գնահատականի արժանացել: Ասվածը հարցեր չի՞ առաջացնում, թե իսկապես որքան օբյեկտիվ է այդ գնահատականը: Իսկ եթե մտաբերեենք, որ շուրջ 4 ամիս անց տեղի է ունենալու ԱԺ ընտրությունը, ապա ամեն ինչ կընկնի իր տեղը:
Դա՝ մեկ, և երկրորդ. Արդեն սկսվել են տարբեր մակարդակի եվրոպական չինովնիկների այցերը Հայաստան: Սկիզբն, իհարկե, դրվեց ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցով ու Նիկոլին բացահայտ աջակցություն հայտնելով: Հաջորդը լինելու է, այսպես կոչված, Եվրոպական քաղաքական համայնքի 2026 թվականի առաջին հանդիպումը Երևանում: Այն տեղի կունենա մայիսի 4-ին: Ասեմ, որ դա անիմաստ հանդիպումների շարք է, բայց տվյալ դեպքում նպատակը կրկին լինելու է Նիկոլի օգտին քարոզչություն տանելը: Չբավարարվելով դրանով՝ համարյա թե նույն անձինք հաջորդ օրն անցկացնելու են ԵՄ-Հայաստան գագաթնաժողով: Ինչը նախապատրաստելու առումով, ենթադրաբար, արդեն Հայաստան է այցելել Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրեն Գերտ Յան Կոոպմանը։ Պարզ է, որ մայիսի 4-ի և 5-ի միջոցառումների միջև ոչ մի էական տարբերություն չկա: Ոչ էականը կլինի այն, որ մայիսի 4-ի դերակատարները հաջորդ օրը կվերածվեն հյուրերի: Ու նման առանձնացումը լինելու է լրացուցիչ տեղեկատվական առիթ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին գովազդելու համար: Եվ որքան բարձր մակարդակի պաշտոնյաներ այցելեն, այնքան դա օգուտ կտա նշված անձին: Հա, չմոռանամ, շուտով այցելելու է նաև Նիկոլի բարեկամ Մակրոնը՝ Ֆրանսիայի ոչ բարով-խերով նախագահը:
Ի դեպ, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, ապա մինչև վերջերս հյուսիսային կողմում ասված համարյա թե յուրաքանչյուր խոսք իշխանության կողմից դիտարկվում էր որպես հիբրիդային հարձակում կամ դրա փորձ: Բայց, չգիտես ինչու (լավ էլ գիտենք), նույն և շատ ավելի կոպիտ միջամտությունն Արևմուտքից չի ընկալվում որպես այդպիսին: Եթե ասվի, որ ՔՊ-ական խորհրդարանն հատուկ օրենք է ընդունել ԵՄ-ին ինտեգրվելու առումով, ապա այդ դեպքում ի՞նչ գործ ունի ռուսական 102-րդ ռազմական բազան Հայաստանում: Ինչո՞ւ է շարունակվում «Ռուսական տան» գործունեությունը: Ինչո՞ւ է Հայաստանի իշխանությունը ընդամենը կասեցրել անդամակցությունը ՀԱՊԿ-ին՝ առանց կանոնադրական նման դրույթի գոյության: Ինչո՞ւ է Հայաստանը մնում ԵԱՏՄ անդամ՝ օգուտներ քաղելով այդ անդամությունից: Եվ ինչո՞ւ է մեղայականով այս կամ այն հայաստանյան պաշտոնյան այցելում Ռուսաստան: Այդ ամենն իշխանության կողմից ներկայացվում է որպես անհրաժեշտություն՝ թեև այն կցանկանար, որ դա չլիներ: Իսկ միգուցե՞ ավելի ճիշտ կլիներ, եթե չլիներ այս իշխանությունը: Որը գիտակցում է, թե ուր ուղղության վրա է գտնվում անհրաժեշտությունը, սակայն խաղեր է տալիս տալիս հակառակ ուղղությամբ: Անհրաժեշտությունն էլ հենց պետական շահն է, ինչն էլ ցույց է տալիս, որ պետական շահը մի կողմում է, իշխանությանը կամ իշխանավորներինը՝ մեկ այլ կողմում: Այդ դեպքում է ի՞նչ է այդ իշխանությունը՝ եթե ոչ այլ պետությունների, այն էլ՝ մեծամասամբ թշնամի, գործակալների իշխանություն:
ՀԳ. Հետաքրքիր է, հունիսի 8-ի իշխանափոխությունից հետո Հայաստանը կրկի՞ն կարժանանա նման կոչմանը, թե՞ կընկնի Վրաստանի օրը՝ որպես թշնամի դիտարկվելով հեռավոր Բրյուսելում:
