Politics
ՎԱԽՃԱՆԱԲԱՆԱԿԱՆ-ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԹԵԶԵՐ, ԸՍՏ ՔՊ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ
«Եթե մենք չընտրվենք հունիսի 7-ին, TRIPP չի լինի, խաղաղություն էլ չի լինի, արհեստական բանականություն էլ չի լինի, 4 մլրդ ներդրումներ էլ չեն լինի, դրանք չեն լինի, ժողովուրդ ջան, անկախություն էլ չի լինի․․․»․․․ Դժվար է հավատալ, բայց հավատացե՛ք, սա ասում է մեր երկրի էկոնոմիկայի նախարարը։ Ուրեմն, եթե իրենց չընտրի ժողովուրդը, չի լինի ոչինչ, Հայաստան չի լինի․․․ անգամ արհեստական բանականությունը կմեռնի։ Բնական եւ առողջ բանականությամբ, այո, շատ դժվար է հավատալ, որ կարելի է ասել նման բաներ: Ընդ որում, ասողը ներկայացնում է այն իշխանությունը, որի օրոք եղել է ե՛ւ պատերազմ, ե՛ւ պարտություն, ե՛ւ Հայաստանի լինելիությունը դարձել է քննարկման առարկա։
Սրանք խոսքեր են, որոնք հուշում են մեկ բան՝ «եթե 2018 թվականին ձեզ չընտրեին, չէր լինի TRIPP, քանի որ չէին լինելու պատերազմ եւ պարտություն․․․»։ Այո, առանց ձեզ չէր լինելու TRIPP, բայց հիմա արդեն այն, մասնավորապես՝ ձեր շնորհիվ եւ Հայաստանի թուլության հետեւանքով, կա, իրականություն է։
Հիմա, ուրեմն, վախեցնել, թե դրանք չեն լինի, անիմաստ է։ Ավելի կարեւոր է այսօր հասկանալ, թե ինչպիսին կարող են լինել այդ խաղաղությունն ու TRIPP-ը, այդ անկախությունն ու ներդրումները, եթե դրանցում տեղ գտնի նաեւ Հայաստանի շահը։ Ինչպիսին կլինեն դրանք, եթե Հայաստանը նվազագույն հետաքրքրություն եւ ներկայություն ունենա ոչ թե որպես լիակատար պարտության ենթարկված՝ կողմնակի դերակատար, այլ որպես այդ հողի ու ճանապարհի տերը, սեփական կարծիք ու դիրքորոշում ունեցողը, պատմություն չուրացողը, արժանապատվություն պահողը։ Ինչպիսին կլինի խաղաղությունը, եւ քանի տոկոս կլինի TRIPP-ի հայկական մասը, եթե հանկարծ բանակցողներն ունենան ավելի շատ գիտելիքներ, ավելի մեծ փորձառություն եւ համարձակություն, իրական հոգատարություն հայրենիքի նկատմամբ եւ ավելի մեծ պատասխանատվության զգացում։ Այ, դա է այսօր պետք հասկանալ։
Հոգ չէ, որ իշխող կուսակցությունը որոշել է վախճանաբանական թեզերով վախի ու սարսափի մեջ պահել ընտրողին՝ մոռանալով, որ այս ընտրողին, պետք է որ այլեւս վախեցնել հնարավոր չլինի, ընդ որում՝ այդ ընտրողը պետք է որ ունենա հիշողություն, վերլուծական միտք, պետք է հասկանա, որ մինչեւ հիմա ինչ խոստացել են, հակառակն են արել, ուրեմն, եթե ասում են՝ չի լինելու, գուցե հենց լինելու է։
Եվ այսպես, սպառնում են, թե ոչինչ չի լինելու, եթե հունիսի 7-ից հետո ՔՊ-ն չլինի իշխող ուժ․ մոտավորապես՝ արեւը չի ծագելու արեւելքից ու մայր չի մտնելու արեւմուտքում, ամառը չի գալու, հացը հանապազօրյա չի լինելու մեր սեղանին, մեշոկ պապին գալու է՝ բոլորիս տանի, անկախությունը վերանալու է, բոլորս դառնալու ենք ռուս՝ կապուտաչյա եւ շիկահեր․․․
Մինչդեռ, ճիշտ հակառակը, բանականությունը հուշում է, որ որոշ բաներ չեն լինելու, եթե ընտրվի ՔՊ-ն։ Օրինակ, Հայ առաքելական եկեղեցու հալածանքները շարունակվելու են մանդատ ստացած ՔՊ-ի հաղթանակով, եւ գուցե Եկեղեցին այլեւս չի լինելու, ինչպես չկա Մաշտոցի նկարն Այբբենարաններում, մեր Եկեղեցին անգամ մի QR կոդի արժանի չի համարվելու՝ պատմության գրքերում։ Իսկ ռուս, այն էլ՝ կապուտաչյա եւ շիկահեր, մենք ոչ մի պարագայում չենք դառնալու։
Զարմանալ կարելի է, թե ինչպես է, այդուամենայնիվ, գոյություն ունեցել Հայաստանը, երբ չկար ՔՊ-ն, ինչպես է մոլորակը պտտվել, եւ հայ մարդը չի ընկել դրա վրայից, ինչպես են հաղթել պատերազմներում ու փրկվել ցեղասպանությունից, այս ամենը զուտ պատահականություն է, քանզի, ըստ ՔՊ-ական բանականության, այդ ամենը չպիտի լիներ՝ առանց ՔՊ-ի։
Կատակը՝ մի կողմ, ես լուրջ հարց ունեմ։ Լավ, արհեստական բանականությունն ինչո՞ւ չպետք է լինի, ո՞վ է սպանելու արհեստական բանականությանը, ինչո՞ւ։ Եթե առողջ ու բնական բանականությամբ որեւէ մեկը գիտի այս հարցի պատասխանը, թող ասի, որովհետեւ, իրոք, տագնապ է պատում այն մտքից, թե հանկարծ ու արհեստական բանականությունը չի լինի․․․
