Connect with us

Politics

Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանը» վաղը դաշինք կկազմի՝ հուշագիր ստորագրելով քաղաքական 2 ուժի հետ. «Ազատություն»

Միլիարդատեր Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը վաղը քաղաքական 2 ուժի հետ հուշագիր կստորագրի՝ հայտարարելով «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքի ստեղծման մասին:

«Ազատության» տեղեկություններով՝ քաղաքական այդ 2 ուժերի մեջ չեն ոչ առաջին նախագահ Լևոն Տեր -Պետրոսյանի Հայ ազգային կոնգրեսը և ոչ էլ Էդմոն Մարուքյանի ղեկավարած «Լուսավոր Հայաստանը»: «Ուժեղ Հայաստանը» որոշել է դաշինք կազմել այնպիսի ուժերի հետ, որոնք անցած ընտրական գործընթացներում ակտիվ ներգրավված չեն եղել:

Այն, որ այդ ուժերը հանրության լայն շերտերին այնքան էլ ծանոթ չեն, իր խոսքում նախօրեին ակնարկել էր նաև կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը. «Այսօր մեր դռները բացում ենք բոլոր նոր ուժերի առջև, որոնք ցանկանում են միավորվել և փոխել Հայաստանի ընթացքը, որոնք ցանկանում են ուժեղ Հայաստան»:

Թե որո՞նք են այդ ուժերը և ինչո՞ւ է Սամվել Կարապետյանի ընտրությունը կանգ առել հենց նրանց վրա, կուսակցության անդամներից Գոհար Մելոյանն այսօր չցանկացավ փակագծեր բացել, նշելով, սակայն, որ այդ դաշինքով «համագործակցության դռները չեն փակում»:

Մելոյան. — Համերաշխության և միասնական տրամաբանության ներքո մենք գնում ենք դեպի մեր ուժեղ Հայաստանը, բայց մանրամասները, թե ովքեր են մեր դաշինքում ներգրավված լինելու, վաղը կներկայացնենք: Վաղը հրապարակային ստորագրելու ենք դաշինքի հետ կապված փաստաթուղթը և հանդես կգանք հայտարարությամբ:

«Ազատություն». — Հանրությանը հայտնի՞ ուժեր են լինելու ձեր դաշինքում:

Մելոյան. — Որոշակիորեն փորձառություն ունեն էն ուժերը, ում հետ պատրաստվում ենք գնալ դաշինքի: Կուզեի մի կարևոր ընդգծում անել, մենք այս դաշինքով սահմանափակումներ համագործակցության չենք դնում: Էն քաղաքական ուժերը, ովքեր մեզ աջակցում են, պատրաստ են համագործակցել, ունեն նույնական կարմիր գծեր: Մենք էլի տեսնում ենք բոլորի հետ բաց դռների սկզբունքով համագործակցել, բանակցային պրոցեսի մեջ ենք և որոշակի ձևաչափերում կրկին համագործակցության մասին հայտարարությամբ հանդես կգանք: Ուզում եմ ասել, որ վաղվա դաշինքի հայտարարությամբ էնպես չի, որ դռներ ենք փակում և միանձնյա առանձնացված պրոցես ենք մեկնարկում:

Continue Reading