Connect with us

Politics

<<Հրապարակ>> Էլի մեկ զոհ

Ապրիլի 7-ին՝ Մայրության եւ գեղեցկության օրը, Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում իրավապահների մասնակցությամբ հերթական բռնության դեպքն է արձանագրվել, որն իրավապահ «մարմինները» փորձում են կոծկել:
Բռնության զոհը Նինա Խաչատրյանն է, որը փորձել է պաշտպանել իր որդիներին՝ հանկարծակի տուն ներխուժած ոստիկաններից եւ քննիչից: Հրմշտոցի ընթացքում ստացած հարվածներից հետո կնոջ առողջությունը կտրուկ վատացել է, եւ մի քանի օր անց նա մահացել է:

Նրա որդին՝ Արման Առաքելյանը, «Հրապարակին» ներկայացրեց դեպքի մանրամասները: Իրավապահները՝ 10 ոստիկան եւ 1 քննիչ, դատարանի որոշմամբ քրեական գործերից մեկի շրջանակում ներկայացել են իրենց բնակարան՝ առավոտյան 7:30-ին: «Մի տասը հոգով մտան տուն, հարայ-հրոցով, սպառնալիքներով, բռնեցին եղբորս՝ Թովմաս Առաքելյանին: Փորձում էի հարցնել, թե ինչ է պատահել, բա՝ ձենդ չբարձրացնես, հեսա քիթդ կջարդեմ։ Այ սենց, խուլիգանի նման էին իրենց պահում: Կնոջ ու երեխաների առաջ բռնությամբ եղբորս ձեռքերն էին ոլորում, որ ձեռնաշղթաներ հագցնեն: Բայց մայրս խառնվեց, չէր թողնում, որ որդուն ձեռնաշղթա հագցնեն, իր կողմ էր քաշում եղբորս, նրանք էլ մորս սկսեցին բռունցքներով բրթբրթել, մոտ մի 5 րոպե մորս բռնության էին ենթարկում: Այնքան ագրեսիվ էին հրում, բրթում, բռունցքները դնում էին դոշին ու բրթում էին, հնարավոր է՝ նաեւ հարվածած լինեն, մորս բրթեցին՝ գցեցին հատակին»,- պատմում է Արման Առաքելյանը:

Ձերբակալության սանկցիա նրանք չեն ներկայացրել, ընդամենը խուզարկության որոշմամբ Թովմաս Առաքելյանին, որը 44-օրյա պատերազմի մասնակից է, բերման են ենթարկել Մալաթիայի բաժին: Խուզարկությամբ հայտնաբերել են 1 գրամ կանեփանման զանգված եւ մեկ փամփուշտ, որը 44-օրյա պատերազմի մասնակցի վերջին փամփուշտն էր՝ հիշատակն ահարկու պատերազմից: Թովմաս Առաքելյանին 3 օր պահել են ձերբակալվածների պահման վայրում, ապա բաց թողել: Այս ընթացքում ընտանիքի մոր՝ տարեց կնոջ ինքնազգացողությունը վատացել է:

«Մայրս այդ դեպքից հետո այլեւս չկարողացավ հաց ուտել, գիշերը ինքնազգացողությունը վատացավ, զանգեցի շտապօգնություն, բայց մայրս չհամաձայնեց գնալ: Երկու օրից ՁՊՎ-ից եղբայրս եկավ, տեսավ եղբորս, հանգստացավ, տարանք հիվանդանոց: ԿՏ արեցին, ասացին, որ պետք է վիրահատվի, բայց հաջող ելքի հույսը 2 տոկոս է, քանի որ աղիքների նեկրոզ է սկսվել: Մայրս ապրիլի 12-ին մահացավ», — պատմում է Արման Առաքելյանը:

Նա վստահ է, որ մայրը, որը մինչ այդ դեպքը առողջ կին էր, մահացել է իրավապահների բռնարարքներից հետո: «Աղիքի օղակում է եղել, որը հրել-խփելու հետեւանքով է եղել, եւ որը բերել է աղիքի նեկրոզի»,- վստահեցնում է Արման Առաքելյանը: Նա հանցագործության մասին հաղորդում է տվել, նախաձեռնվել է քրեական վարույթ։

Continue Reading