Politics
«ՀՀ-ն Բաքվի բանտում միայնակ է թողել իր քաղաքացիներին՝ չիրականացնելով հյուպատոսական այցելության իրավունքը»․ Սիրանուշ Սահակյան
«Այս պահին Ադրբեջանում պահվում են հայ գերիներ, որոնց նկատմամբ արդար դատաքննության եւ անձնական ազատության խախտումները հենց պայմանավորված են էթնիկ հայ լինելու, ՀՀ քաղաքացի լինելու եւ հակամարտող պետության հետ առնչություն ունենալու հետ։ Արգելված պատանդային քաղաքականությունը դիվանագիտությունը դարձրել է լծակ, որն օգտագործվում է հենց այս խմբի դեմ։ Եվ միջպետական հարթության մեջ այս անձանց պատանդ պահելով՝ լրացուցիչ լծակներ են գործադրվում՝ քաղաքական պահանջների բավարարում ակնկալելու համար»,- Հայաստանի ժուռնալիստների միության կազմակերպած «Հայաստանի ձայները/Voices of Armenia» կոնֆերանսի ժամանակ ասաց իրավապաշտպան, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանը։ Նա նշեց, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, թեեւ ուներ կարգավորում, կային հանձնառու կողմեր, խնդիրը շատ հստակ հասցեավորված էր, սակայն այս հանձնառությունը եւս խախտված է։ «Եվ մենք ունենք անձինք, որոնք պահվում են Բաքվի բանտերում 2023 թվականից ի վեր, երբ դրան հաջորդող ժամանակահատվածներում նախագծվել եւ նախաստորագրվել են փաստաթղթեր, որոնք արձանագրում են խաղաղության գոյությունը, բայց անգամ այդ հռչակված իրավիճակում մենք չունենք փոփոխություն։ Եվ մարդասիրական խնդիրները, ինչպիսիք գերիների ազատ արձակումն է կամ անհայտ կորածների, բռնի անհետացածների ճակատագրի պարզումը, դեռեւս շարունակում են մնալ չհասցեավորված։ Եվ մենք չենք դիտարկում համատեղ ջանքեր, որոնք կարող էին շատ արագ լուծումներ տալ այդ խնդիրներին»,- հավելեց նա։ Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ ռազմագերիների վերադարձի իրավունքը շատ ուժեղ կանոնակարգված է, ավելին, դրա չկատարումը պատերազմական հանցագործություն է, բայց այս պարտականությունը չի իրացվում, փոխարենը մենք տեսանք, որ արհեստական իրավական հիմքեր են ստեղծվում կամայական ազատազրկումն արդարացնելու համար։ «Այդ արհեստական հիմքերը դատավճիռներն էին, որոնք կայացվեցին 2026 թվականի փետրվարին։ Եվ այս պահին Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների առնչությամբ կան դատավճիռներ։ Մենք կարծում ենք, որ պատահականություն չէր նաեւ դատավճիռների հրապարակայնացման օրերի ընտրությունը՝ փետրվարյան հայտնի իրադարձություններին զուգահեռ դրանք հրապարակվեցին։ Եվ Ադրբեջանի քաղաքական գործիչներն էլ չխորշեցին ուղիղ կապեր ցուցադրելու այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» հետ եւ սեփական հասարակությանը սա մատուցեցին որպես նվեր։ Այս դատավճիռները թեեւ կան, բայց առ այսօր դրանք տրամադրված չեն ամբաստանյալներին։ Իրականացվում է կեղծ, բեմականացված այսպես կոչված դատավարություն, բայց անգամ այդ երկրի իշխանությունները հրաժարվում են այդ դատավարությունների արդյունքը տրամադրել հասցեատերերին։ Եվ, կարծես թե, չկան մեխանիզմներ, որոնք կարող են ապահովել այս տարրական, մարդկային իրավունքը»,- նշեց նա։
