Politics
Խոսելու եմ Իրանի նախագահի հետ. Հորմուզի նեղուցը պետք է բացվի Մակրոն
Ֆրանսիան կողմ է Հորմուզի նեղուցում ցանկացած ռազմական գործողության դադարեցմանը։ Այս մասին մայիսի 5-ին Երևանում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Մենք ցանկանում ենք, որ լինի ազատ և արդար առևտուր՝ կանոններին ու պայմանավորվածություններին համապատասխան ձևով։ Անհրաժեշտ է հարգել ձեռք բերված համաձայնությունները»,- նշել է Մակրոնը՝ հավելելով, որ ԵՄ միջամտությունը հնարավոր է համարում միայն անմիջական սպառնալիքների դեպքում։ Նրա խոսքով՝ իրավիճակի ապակայունացման փոխարեն անհրաժեշտ են այլ քայլեր. «Մեր երկրները կայունության և վստահության կարիք ունեն։ Հույս ունեմ, որ ողջախոհությունը կհաղթի»։
Պատասխանելով Փարիզի և Թեհրանի միջև բանակցությունների մասին հարցին՝ Մակրոնը հայտնել է, որ պատրաստվում է խոսել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի հետ, սակայն չի հստակեցրել, թե հատկապես ինչ է ասելու իրանական կողմին։
«Ֆրանսիան ի սկզբանե հավատարիմ է իր հայտնի դիրքորոշմանը. մենք կոչ ենք անում դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները և գործել դիվանագիտական ճանապարհով՝ հարգելով տարածաշրջանի բոլոր երկրներին»,- հայտարարել է Մակրոնը։ Նա հիշեցրել է, որ երեկ դատապարտել է Արաբական Միացյալ Էմիրությունների վրա կատարված հարձակումը՝ ընդգծելով, որ նեղուցով տարանցումն անհրաժեշտություն է։ «Այն պետք է բաց լինի բոլոր նավերի համար՝ առանց վճարների և հարկադրանքի միջոցների։ Էսկալացիան սխալ է, քանի որ այն միայն մեծացնում է լարվածությունը»,- հավելել է Մակրոնը։
