Politics
«ՍԴ կազմը լեգիտիմության խնդիր ունի, այսօր հարցը ներկայացրեցինք, բայց լուծում չստացավ»․ Արամ Վարդևանյան
«Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի այսօրվա գործողություններին, մեկ հանգամանք կա, որը պետք է առանձնացնել, դա ՍԴ կազմի լեգիտիմության խնդիրն է։ Ամենակարևոր հանգամանքն այն է, որ ՍԴ-ն կարող է նշված խնդիրը լուծել, որովհետև ՍԴ-ն հենց ինքը բարձրաձայնել է այդ հարցը, բայց խնդիրը լուծում չի ստացել։ Այսօր մենք նշված հարցը վերստին ներկայացրել ենք, լրացուցիչ հիմքեր ու հիմնավորումներ ներկայացրեցինք, բայց ՍԴ-ն դրան արձագանք չտվեց՝ դրանով իսկ հենց իր կազմի լեգիտիմության խնդիրն ընդգծելով»,- Սահմանադրական դատարանի շենքի մոտ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Արամ Վարդևանյանը։
Նա նշեց՝ կարևոր է արձանագրել, որ ՍԴ-ն ուղիղ նշեց, որ ընտրական վեճերով նույնիսկ 5 դատավորով գործի քննությունը կազմի իրավազորության խնդիր չէր առաջացնի, բայց բոլոր դեպքերում Սեդա Սաֆարյանի մասնակցության անհնարինության արձանագրում տեղի չունեցավ։
«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Գոհար Մելոյանն էլ ասաց․ «Ինչպես Սահմանադրական դատարանն արձանագրեց, մենք ամեն օր նիստ կունենանք, հավանաբար նաև կիրակի օրերին»։
