Connect with us

Politics

ՔՊ-ի 81 հոգանոց ցուցակը Արթիկում․ ուսուցիչներից մինչև բուժհաստատության տնօրեններ



Հոկտեմբերի 25-ին Շիրակի մարզի Ախուրյան և Արթիկ խոշորացված համայնքներում ՏԻՄ ընտրություններ են։ Երկու համայնքներում ընտրական պատկերը, սակայն, էապես տարբեր է։

Եթե Արթիկում ընտրապայքարի մեջ են մտել չորս քաղաքական ուժեր, ապա Ախուրյանում իշխող «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Զավեն Մանուկյանը փաստացի մրցակից չունի։

2021 թվականի ընտրությունների համեմատ՝ Ախուրյանում իրավիճակը հատկապես ուշագրավ է։ Եթե նախորդ ընտրություններին համայնքում իշխանության համար պայքարում էին մի քանի քաղաքական ուժեր, ապա այս անգամ իշխանության թեկնածուն ընտրական դաշտում մնացել է առանց մրցակցի։

Արթիկում պատկերը լրիվ այլ է․ այստեղ ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել չորս քաղաքական ուժեր։ Ընտրապայքարի մեջ են մտել գեներալ Մանվել Գրիգորյանի սանիկը, սպորտի նախկին նախարարը, գործարարը և համայնքի նախկին ղեկավարը։

Միևնույն ժամանակ, ուշագրավ է ՔՊ-ի ավագանու թեկնածուների ցուցակը։ «Քաղաքացիական պայմանագիրը» Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել 81 թեկնածուից բաղկացած ցուցակ։

Ցուցակում, ըստ առկա տվյալների, ընդգրկված են տարբեր ոլորտների ներկայացուցիչներ՝ ուսուցիչներից մինչև բուժհաստատությունների տնօրեններ և գործարարներ։ Սակայն 81 թեկնածուից հրապարակված ընտրական ցուցակի առաջին համարում նշված է միայն մեկ անձի անունը, մինչդեռ մնացած թեկնածուների անունները հրապարակված տարբերակում բացակայում են։ Խոսքը գործող համայնքապետ Անան Ոսկանյանի մասին է։

Այս հանգամանքը հատկապես ուշագրավ է՝ հաշվի առնելով, որ խոսքը Արթիկի ավագանու ընտրությունների մասնակցության համար ներկայացված 81 թեկնածուի մասին է։

Միաժամանակ, ընտրություններից առաջ Արթիկում ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ ենթադրյալ ճնշումների մասին ահազանգեր են ստացվում։

Մասնավորապես, աղբյուրներից մեկը պնդում է, որ այդ գործընթացում հիշատակվում է ՔՊ-ական պատգամավոր Տարոն Չախոյանի անունը։ Ըստ աղբյուրի՝ հատկապես Մեծ Մանթաշում ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ ճնշումներ են գործադրվում՝ նրանց ընտրական ցուցակներից դուրս թողնելու նպատակով։

«Տարոն Չախոյանը, հատկապես, իրենց գյուղից՝ Մեծ Մանթաշից, ճնշումներով ցուցակներից դուրս է թողնում ընդդիմադիր թեկնածուներին։ Մարդկանց զանգում, վախեցնում են Տարոն Չախոյանն ու իր հարազատ հորեղբայրը։ Անձնագրային բաժնից տվյալները հասնում են Անան Ոսկանյանին, և արդեն սկսվում են ճնշումները։ Իմ գիտենալով՝ արդեն 70 տոկոսին ճնշել են»,- ասում է աղբյուրը՝ խնդրելով չհրապարակել իր անունը։

Աղբյուրի ներկայացրած պնդումները հրապարակման պահին անկախ հաստատում չունեն։ Հիշատակված անձանց դիրքորոշումը ստանալու դեպքում այն ևս կներկայացվի։

Այսպիսով, հոկտեմբերի 25-ի ընտրություններից առաջ Արթիկում ձևավորվել է մրցակցային ընտրական դաշտ։ ՔՊ-ն ընտրություններին մասնակցում է 81 թեկնածուից բաղկացած ցուցակով, սակայն հրապարակված տարբերակում նրանցից միայն առաջին համարի անունն է ներկայացված։



Ա. Ղազարյան

Continue Reading