Politics
Արթիկը՝ ընտրության առաջ․ 4 ուժ, անհավասար պայմաններ և սպասող ընտրող
Հոկտեմբերի 25-ին Ախուրյան և Արթիկ համայնքներում ՏԻՄ ընտրություններ են։ Արթիկում ընտրապայքարին մասնակցելու հայտ է ներկայացրել 4 քաղաքական ուժ։
Արթիկում ընտրական գործընթացն ընթանում է անհավասար պայմանների և ճնշումների վերաբերյալ ահազանգերի ֆոնին։ Ընտրապայքարի մասնակիցների ու քաղաքացիների շրջանում բարձրաձայնվում են հարցեր այն մասին, թե արդյոք բոլոր քաղաքական ուժերի համար ապահովված են հավասար պայմաններ՝ քարոզարշավն ազատ իրականացնելու և ընտրողների հետ շփվելու համար։
Այս ֆոնին Արթիկի բնակիչների մի մասը դեռևս վերջնական որոշում չունի։ Քաղաքացիներից ոմանք նշում են, որ մասնակցելու են ընտրություններին, սակայն դեռ չեն կողմնորոշվել, թե ում են տալու իրենց ձայնը։
Մյուսների համար էլ էականը ոչ թե կոնկրետ անձի կամ քաղաքական ուժի անունն է, այլ այն, թե ով ինչպես կկառավարի համայնքը։
Քաղաքացիների համար նախընտրական խոստումներից առավել կարևոր է դրանց իրականացումը։ Նրանք ակնկալում են, որ ընտրվող իշխանությունն ուշադրություն կդարձնի համայնքի առօրյա խնդիրներին և կկարողանա ապահովել արդյունավետ կառավարում։
Արթիկում ընտրապայքարին մասնակցում է 4 քաղաքական ուժ, մինչդեռ ընտրողների մի հատված դեռ սպասում է՝ հասկանալու, թե ում վստահել և, ամենակարևորը, ումից ինչ ակնկալել ընտրություններից հետո։
Ի վերջո, ինչպես ասում են Արթիկում՝ ընտրությունից առաջ բոլորը խոստանում են, իսկ թե ով ինչ կանի, պարզ կլինի արդեն հետո։
Ա. Ղազարյան
