Connect with us

Politics

«Ունեմ տվյալներ, որ տղաս ողջ է․ իր ֆեյսբուքյան մեսենջերից նամակ եմ ստացել՝ «Սալամ», հեռախոսը Բաքվում է»․ բռնի անհետացածի ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անհետ կորած զինծառայողներից մեկի հայրը՝ Լիպարիտ Թովմասյանը, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ ունի բոլոր ապացույցներն ու փաստաթղթերը, որոնք վկայում են, որ իր որդին ողջ է, սակայն պետական կառույցները վեց տարի շարունակ չեն պարզում նրա գտնվելու վայրը։ Թովմասյանի փոխանցմամբ՝ բռնի անհետացածների ցուցակում ընդգրկված է 31 անձ։ Նա ընդգծեց, որ որևէ ԴՆԹ համապատասխանություն չկա, իսկ Քննչական կոմիտեից ստացած փաստաթղթերում առկա են որդու վերաբերյալ տվյալներ։ Նա պատմեց, որ 2020 թվականի պատերազմից հետո՝ նոյեմբերի 23-ին, ակտիվացել է որդու Viber-ը, իսկ դեկտեմբերի 30-ին որդու iPhone հեռախոսից՝ ֆեյսբուքյան Messenger-ով, ընտանիքը ստացել է «Սալամ» գրառմամբ հաղորդագրություն։ Ծնողի խոսքով՝ հոկտեմբերի 5-ին որդու անհետանալուց հետո՝ հոկտեմբերի 6-ին, հեռախոսի գեոլոկացիան ցույց է տվել Հադրութի գյուղերից մեկը, իսկ ավելի ուշ տեղորոշման տվյալները, կոդն ու հասցեն ֆիքսվել են Բաքվում։ Ծնողը դժգոհություն հայտնեց պետական մարմինների անգործությունից՝ նշելով, որ Եվրոպական դատարանից և ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանից ունի համապատասխան փաստաթղթեր, սակայն պաշտոնական այրերը միջազգային հանդիպումներում չեն բարձրաձայնում բռնի անհետացածների հարցը։ Նա դիմեց պատգամավորին՝ խնդրելով օգտագործել պատգամավորական լծակներն ու գործիքակազմը՝ անհետ կորածների ճակատագիրը պարզելու համար։ Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան


Continue Reading