Connect with us

Politics

«Հրապարակ»․ Քրեական գործը չի խանգարում, որ համայնքապետի թեկնածու առաջադրվի

Սեւան համայնքում նոյեմբերի 29-ին ՏԻՄ ընտրություններ են նշանակված։ ՔՊ-ն այս ընտրություններին հիմնավոր է պատրաստվում, քանի որ Գեղարքունիքի մարզում Սեւանն այն միակ համայնքն է, որը մերժել է այս իշխանություններին, իսկ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին Սեւանում չեն ընդունում: Սեւանի համայնքապետ Սարգիս Մուրադյանը ՔՊ-ի թրի տակով չի անցել։

Երկար փնտրտուքներից հետո ՔՊ-ն 2 թեկնածու է գտել, մեկը՝ Գեղարքունիքի մարզպետի օգնական Սուրեն Գրիգորյանն է, որին սեւանցիները գրեթե չեն ճանաչում: Սեւանում ավելի շատ նրա եղբորն են ճանաչում՝ որպես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետի: Մեր տեղեկություններով, այս օրերին Գրիգորյանը Հայաստանում չէ, եւ հարց է՝ վերադառնալուց հետո կմասնակցի՞ ընտրություններին, թե՞ ոչ: ՔՊ-ի երկրորդ թեկնածուն, որը կարող է մրցել գործող քաղաքապետ Սարգիս Մուրադյանի հետ, ունի մեծ շրջապատ եւ վայելում է ծովագյուղցիների հարգանքը, Սեւանի քաղաքապետի մտերիմ ընկեր, Ծովագյուղի նախկին համայնքապետ Վահրամ Գեւորգյանն է: ՔՊ-ն որոշել է հենց նրան ընտրել եւ նրա միջոցով Սեւանում իշխանափոխություն անել։ Բայց հարց է, թե ինչու է Վահրամ Գեւորգյանը որոշել դեմ դուրս գալ մտերիմ ընկերոջը:

Ամիսներ առաջ Քննչական կոմիտեն ավարտել էր Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի նախկին ղեկավար Վահրամ Գեւորգյանի ու եւս մի քանի անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը, եւ գործն այժմ հակակոռուպցիոն դատարանում է: Վահրամ Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2012 թ․ նոյեմբերի 3-ից մինչեւ 2021 թ․ դեկտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի ղեկավարի պաշտոնը, ՏԻՄ օրենքով՝ լիազորված լինելով համայնքի ավագանու որոշմամբ եւ սահմանված պայմաններով օտարելու կամ օգտագործման տրամադրելու համայնքի սեփականություն հանդիսացող գույքը, ներկայացնելու համայնքի շահերն այլ անձանց հետ փոխհարաբերություններում, օրենքով սահմանված կարգով վերահսկողություն իրականացնելու համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերի օգտագործման նկատմամբ՝ հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, 2012 թ․ նոյեմբերի 3-ից մինչեւ 2021 թ․ հուլիսի 14-ն ընկած ժամանակահատվածում, անձնական այլ շահագրգռվածությունից եւ խմբային շահերից ելնելով՝ կատարել է պաշտոնեական կեղծիքներ եւ իր դիրքն օգտագործել ծառայության շահերին հակառակ, որն էական վնաս է պատճառել Ծովագյուղ համայնքի իրավունքներին ու օրինական շահերին, իսկ մի շարք դեպքերում անզգուշությամբ առաջացրել ծանր հետեւանքներ։ Ապա նկարագրվում են այն գործողությունները, որոնց համար նրա նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել․ Վահրամ Գեւորգյանը, զբաղեցնելով Ծովագյուղ համայնքի ղեկավարի պաշտոնը, իր պաշտոնեական կարգավիճակից բխող լիազորություններն իրականացնելիս նպատակադրվել է մոր՝ Ջեյրան Սարգսյանի օժանդակությամբ Ծովագյուղ համայնքի սեփականություն հանդիսացող, Թերակղզի-Ծովագյուղ 6.9 կմ թիվ 1 հասցեում գտնվող 670.738 ՀՀ դրամ շուկայական արժեքով 100 քմ մակերեսով հողամասը եւ դրա վրա 52,785 քմ մակերեսով ծանրաբեռնված շինությունն ապօրինի կերպով իրական շուկայական գնից անհամեմատ ցածր գնով օտարել վերջինիս:

Վահրամ Գեւորգյանի մայրը՝ Ջեյրան Սարգսյանը, համայնքի մանկապարտեզի տնօրենն է: Նշենք նաեւ, որ Վահրամ Գեւորգյանը 2007-2008 թթ. աշխատել է Ծովագյուղի գյուղապետարանում՝ որպես գյուղատնտեսության գծով մասնագետ, այնուհետեւ՝ հողաշինարար, 2009թ.՝ գլխավոր մասնագետ, 2011թ.՝ համայնքի ղեկավարի տեղակալ, 2012թ. սեպտեմբերի 28-ին ընտրվել է համայնքի ղեկավար: Վահրամ Գեւորգյանի անունը հաճախ էր շրջանառվում մամուլում՝ 2020 թ. Ծովագյուղում «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության աշխատակիցների ծեծկռտուքին մասնակցության հետ կապված․ Գեւորգյանն այդ միջադեպից հետո էլ շարունակեց պաշտոնավարել մինչեւ 2021 թվականը: 2021-ին Սեւան քաղաքը խոշորացվեց՝ ներառելով նաեւ Ծովագյուղը: Բայց Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ եւ Սեմյոնովկա գյուղերում բնակիչներից ոչ մեկը չմասնակցեց ՏԻՄ ընտրություններին՝ որպես խոշորացման դեմ բողոքի նշան։ Երկար ժամանակ 2 համայնքների բնակիչներն ակցիաներ էին անում, ճանապարհ փակում, պահանջում էին, որ Ծովագյուղն ու Սեմյոնովկան միանան մեկ առանձին համայնքում, եւ համայնքի ղեկավար մնա Վահրամ Գեւորգյանը: Ամիսներ տեւած պայքարը հանգուցալուծվեց՝ մի պայմանավորվածությամբ․ մեր տեղեկություններով՝ իշխանությունները Վահրամ Գեւորգյանին տվեցին Սեւան-Դիլիջան թունելի սպասարկումը, «Ծովագյուղի ՃՇՇ»-ն, որը զբաղվում է ճանապարհաշինությամբ, պատկանում է Գեւորգյաների ընտանիքին:
Վահրամ Գեւորգյանը մեզ հետ զրույցում հաստատեց այն տեղեկությունը, որ մասնակցելու է նոյեմբերի 29-ի ընտրություններին, սակայն ասաց, որ դեռ չի որոշել, թե որ կուսակցությունով է առաջադրվելու․ հարցը քննարկման փուլում է: Մենք մի քանի հարց ուղղեցինք նրան։

  • Ասում են՝ Սեւանի գործող քաղաքապետ Սարգիս Մուրադյանը Ձեր մտերիմ ընկերն է, Դուք Ձեր ընկերոջ դե՞մ եք դուրս գալիս:
  • Խի՞, բայց ընկերն իմ դեմ դուրս չի գալիս, որ ե՞ս եմ ընկերոջ դեմ դուրս եկել:
  • Մուրադյանը գործող քաղաքապետն է, իսկ Դուք Ձեր թեկնածությունն եք առաջադրելու, ի՞նչ խնդիրներ ունեք, տարաձայնություններ կա՞ն գործող քաղաքապետի հետ:
  • Ոչ մի խնդիր չկա, ոչ մի տարաձայնություն չունենք:
  • Մարտական եք տրամադրվել, մտածում եք՝ կհաղթե՞ք ընտրություններում:
  • Մենք չենք որոշում՝ ժողովուրդն է որոշում:
  • Մեզ ասացին, որ Դուք «Գործարար» կուսակցությունով եք առաջադրվելու, ինչպես առաջադրվել են մի քանի համայնքապետեր, եւ ՔՊ-ի հետ կոալիցիա եք կազմելու:
  • Ով որ ասել է, սխալ է ասել, «Գործարարով» չէ, ՔՊ կուսակցությունով չէ, ով որ ասել է, ինքը ցանկություն ունի այդ կուսակցություններով առաջադրվի:
  • Դուք ՔՊ-ի հետ որեւէ առնչությո՞ւն ունեք:
  • Ես բոլորի հետ առնչվում եմ՝ թե՛ ներկա, թե՛ նախկին:
  • Ձեր դեմ քրեական գործեր կան, ի՞նչ ընթացքի մեջ են դրանք։
  • Շատ վատ ընթացքի մեջ են:
  • Գուցե հենց դա՞ է պատճառը, որ ՔՊ-ն առաջարկել է, որ իր թեկնածուն լինեք, քանի որ Սեւանում այլ թեկնածու չի գտել:
  • Չի առաջարկել, հիմա նորից նույնը ասում եք, ո՞նց կլինի:
  • Դատելով այսօրվա իշխանությունների վարած քաղաքականությունից՝ նրանք թիրախավորում են այն նախկին կամ ներկա համայնքապետերին, որոնք ընտրություններին կարող են իրենց համար ձայներ բերել, իրենց թեկնածուն դառնալ, այդկերպ էլ որոշում են, թե որ քրեական գործը որ պահին դադարեցնել կամ վերսկսել: Միգուցե պայմանավորվածություն ունեք, Դուք էլ նման իրավիճակի մեջ եք հայտնվել, ինչպես որոշ համայնքապետեր:
  • Չէ, մենք այդպիսի իրավիճակի մեջ չենք, մենք էդպես խնդիր չունենք, մերն ուղղակի սարքած գործեր են: Ով որ Ձեզ հուշել է, որ զանգեք ինձ, այդ մարդիկ են սարքել էդ գործերը:
  • Դուք 2021 թվականին եք ազատվել համայնքի ղեկավարի պաշտոնից, այս իշխանության օրո՞ք են Ձեր դեմ քրեական գործերը «սարքվել»:
  • Կարելի է ասել՝ այո:

Continue Reading