Politics
Ախուրյանի կոմունալ ՀՈԱԿ-ը 15 օր առաջ հիմնադրված ընկերությանը շուրջ 25 մլն դրամ է փոխանցել․ ստուգմամբ 6 խախտում է արձանագրվել
Ախուրյան համայնքի կոմունալ ՀՈԱԿ-ը մեկ պայմանագրով միավորել է իրարից խիստ տարբեր 37 աշխատանքներ և ծառայություններ՝ փողոցների փոսալցումից ու խճապատումից մինչև ծառերի էտում, աղբամանների պատրաստում և թափառող շների ստերջացում։ Աշխատանքների կատարման համար ընտրվել է ընդամենը 15 օր առաջ հիմնադրված «Աճեմյան Շին» ՍՊԸ-ն, որին, ըստ ներկայացված տեղեկությունների, շուրջ 25 միլիոն դրամ է փոխանցվել։
Ըստ հրապարակված տվյալների՝ ընկերության հիմնադիրը տաքսու վարորդ էր և միաժամանակ աշխատում էր Գյումրու կոմունալ ՀՈԱԿ-ում՝ որպես բանվորների աշխղեկ։
Սկզբնական պայմանագիրը կնքվել է շուրջ 2,2 միլիոն դրամի չափով, սակայն դրանից հետո կնքվել են լրացուցիչ համաձայնագրեր և կատարվել բազմամիլիոնանոց փոխանցումներ։
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ ձևավորված աշխատանքային խումբն ուսումնասիրել է գնման գործընթացը և, ներկայացված տեղեկությունների համաձայն, արձանագրել ՀՀ գնումների մասին օրենսդրության 6 խախտում և անհամապատասխանություն։
Մասնավորապես՝
Աշխատանքների և ծառայությունների տեխնիկական բնութագրերը բացակայել են։
Գնումների պլանում տվյալ աշխատանքների գնումը նախատեսված չի եղել։
Իրարից էապես տարբերվող 37 աշխատանքներն ու ծառայությունները միավորվել են մեկ լոտի մեջ։
Սկզբնական պայմանագրով կոնկրետ աշխատանքների ծավալներ չեն սահմանվել։
Ըստ ներկայացված տվյալների՝ սկզբնական պայմանագրի 2,2 միլիոն դրամ արժեքը գերազանցող վճարումների համար պայմանագրային հիմք չի եղել, մինչդեռ ընկերությանը փոխանցվել է շուրջ 25 միլիոն դրամ։
Չնայած արձանագրված խախտումներին՝ Ախուրյանի համայնքապետը հայտարարում է, որ խախտումներ չեն հայտնաբերվել։**
Համայնքապետի խոսքով՝ այս գործով քրեական վարույթ է նախաձեռնվել, հանգամանքներն ուսումնասիրվել են, և որևէ խախտում չի արձանագրվել։
Ստացվում է՝ նույն գործի վերաբերյալ առկա են երկու տարբեր գնահատականներ․ աշխատանքային խումբը գնումների գործընթացում արձանագրել է խախտումներ և անհամապատասխանություններ, մինչդեռ համայնքապետը պնդում է, որ ստուգումներով խախտումներ չեն հայտնաբերվել։
Հարց է առաջանում՝ ի՞նչ արդյունք է տվել քրեական վարույթը, արդյոք իրավապահները գնահատական տվել են աշխատանքային խմբի արձանագրած խախտումներին, և ի՞նչ իրավական հիմքով է շուրջ 2,2 միլիոն դրամի սկզբնական պայմանագրի պայմաններում ընկերությանը փոխանցվել շուրջ 25 միլիոն դրամ։
Ո՞վ է պատասխան տալու համայնքային բյուջեից փոխանցված շուրջ 25 միլիոն դրամի համար։
Խնդրի վերաբերյալ պաշտոնական պարզաբանումների, քրեական վարույթի ընթացքի և իրավապահների եզրակացությունների հրապարակումը կարևոր է՝ պարզելու համար, թե արդյոք համայնքային միջոցների ծախսման գործընթացում խախտվել են օրենքի պահանջները և ով է դրա համար պատասխանատու։
Ա.Ղազարյան

