Connect with us

Politics

Ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևում. «Փաստ»

Ադրբեջանը միջազգային հարթակում տարիներ շարունակ դիրքավորվում է որպես «կանաչ օրակարգի» առաջամարտիկ, կլիմայական բանակցությունների խթանող, վերականգնվող էներգետիկայի ու «կանաչ էներգիայի գոտիների» հավակնոտ նախագծերի հեղինակ և միաժամանակ՝ շրջակա միջավայրի պաշտպանության հարցում Հայաստանին մեղադրող կողմ։ Զուգահեռաբար Բաքուն կանոնավոր կերպով միջազգային հարթակներում բարձրացնում է Հայաստանի ատոմակայանի անվտանգության և հանքարդյունաբերության թեմաները՝ Հայաստանին ներկայացնելով որպես տարածաշրջանի էկոլոգիական սպառնալիք։ Նպատակը հասկանալի է՝ ամեն կերպ վնասել Հայաստանին, ու այստեղ զարմանալու բան չկա: Սակայն եթե փորձենք այս պատկերը համադրել ադրբեջանական իրականության հետ, ապա բնապահպանության մասին հայտարարությունների և բնապահպանական պրակտիկայի միջև առկա խզումը դառնում է ակնհայտ, այսինքն՝ գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին: Ամենից առաջ հարկ է հիշել, թե ինչի վրա է կառուցված Ադրբեջանի տնտեսությունը։ Նավթն ու գազը կազմում են երկրի՝ արտահանումից ստացվող եկամուտների ճնշող մեծամասնությունը (մոտ 90 տոկոսը կամ ավելին) և պետական բյուջեի եկամուտների շատ էական մասը։

Ապշերոնի թերակղզին և Բաքվի շրջակայքը ավելի քան մեկ դար շարունակ գտնվում են նավթարդյունահանման անմիջական ազդեցության տակ։ Տասնամյակներ շարունակ կուտակված նավթային արտահոսքերի, հին հորերի, լքված նավթահանքերի և վատ կառավարվող թափոնների հետևանքով հազարավոր հեկտար հողեր, այդ թվում՝ ափամերձ գոտիներում, պատված են նավթային մնացորդներով, իսկ ստորերկրյա ջրերը ենթարկվել են երկարատև աղտոտման։ Սումգայիթը՝ խորհրդային շրջանի քիմիական արդյունաբերության խոշոր կենտրոնը, միջազգային գնահատումներում հայտնվել է աշխարհի ամենաաղտոտված վայրերի շարքում, և մինչ օրս էկոլոգիական բեռն այնտեղ ամբողջությամբ չի հաղթահարվել։ Օդի որակը Բաքվում և արդյունաբերական այլ կենտրոններում վատթարանում է նավթաքիմիական ձեռնարկությունների արտանետումների և ավտոտրանսպորտի աճող ծավալների պատճառով, ինչը ձևավորում է քաղաքային ծխամշուշ և ուղղակի ազդեցություն ունի բնակիչների առողջության վրա։ Բացի դրանից, պեստիցիդների (այդ թվում՝ DDT-ի) նախկին պահեստավորման վայրերը խորհրդային ժառանգության մաս են կազմում և շարունակում են վտանգ ներկայացնել շրջակա միջավայրի ու մարդկանց համար, քանի որ դրանց վերացման ու վերականգնման աշխատանքները, ըստ առկա գնահատականների, չեն ընթանում պահանջվող տեմպերով։

Continue Reading