Politics
Շաքի մտած ադրբեջանցի զինծառայողի ցուցմունքն ու տուժած կնոջ հրապարակային պատմությունը էականորեն տարբերվում են. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում է հայտնվել բացառիկ տեսանյութ, թե ինչպես են ձերբակալում ՀՀ սահմանն ապօրինի հատած, հայ ընտանիքի տուն ներխուժած և մահափորձ իրականացրած ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևին ու Շաքիի բնակիչներից մեկի անասնագոմից դուրս հանում նրան։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Մուսաևը իրավապահների մոտ արդարացել է, թե հայ ընտանիքի տուն մտնելիս որևէ մեկին վնասելու մտադրություն չի ունեցել։ Նրա պնդմամբ՝ մի քանի անգամ խնդրել է՝ «թողեք գնամ», սակայն, երբ տանտիրուհին բռնել է իր զենքի առաջամասից, ինքը կրակել է։ Ավելին՝ ադրբեջանցի զինծառայողը գրավոր պնդել է, թե դրանից հետո կինը և ընտանիքի անդամները հարձակվել են իր վրա, դանակով հարվածել ու ծեծել իրեն։ Կարծես՝ ինքը անմեղ կանգնած է եղել մի վայրում, հայ ընտանիքը հարձակվել է իր վրա:
Ուշագրավ է նաև Մուսաևի պատմած մեկ այլ դրվագ։ Ըստ նրա՝ ինքը, արդեն արնաքամ վիճակում, կարողացել է փախչել տնից, իսկ ավելի ուշ իրավապահները նրան հայտնաբերել են ՝ վիրավոր վիճակում։ Մինչդեռ ադրբեջանցի զինծառայողի կրակոցներից վիրավորված Անի Ավետիսյանը հոկտեմբերի 1-ին իր տանը տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ բավականին դաժան մանրամասներ էր պատմել։
Այսպիսով՝ ադրբեջանցի զինծառայողի՝ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձած ցուցմունքն ու տուժած կնոջ հրապարակային պատմությունը էականորեն տարբերվում են։ Մի դեպքում զինծառայողը կրակոցը ներկայացնում է որպես ընտանիքի անդամների գործողություններին արձագանք, մյուս դեպքում կինը պնդում է, որ զինված անձից պաշտպանել է իրեն ու երեխաներին։
