Politics
Ախուրյանի համայնքապետարանի աշխատակիցներն ու վարչական ղեկավարները քարոզարշավին են մասնակցում, բայց արձակուրդում չեն
Հոկտեմբերի 25-ին Շիրակի մարզի Ախուրյան և Արթիկ խոշորացված համայնքներում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ։ Եթե Արթիկում ընտրապայքարին մասնակցում է 4 քաղաքական ուժ, ապա Ախուրյանում առաջադրվել է միայն մեկ ուժ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը»։ Ցուցակը գլխավորում է համայնքի գործող ղեկավար Զավեն Մանուկյանը։
Չնայած մրցակցային ընտրապայքարի բացակայությանը՝ Ախուրյանում նախընտրական քարոզչական աշխատանքները շարունակվում են ակտիվորեն։ Քարոզարշավը մեկնարկել է սեպտեմբերի 30-ին։ Դրա մեկնարկին մասնակցել են Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, ինչպես նաև ՔՊ նախկին և ներկա պատգամավորներ։
Factum.am-ի տեղեկություններով՝ Ախուրյանի համայնքապետարանի մի շարք աշխատակիցներ և վարչական ղեկավարներ, որոնք արձակուրդում չեն, ներգրավված են «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական քարոզչական աշխատանքներում։
Խնդիրն այն է, որ համայնքային իշխանության ներկայացուցիչների մասնակցությունը քաղաքական ուժի քարոզչությանը հարցեր է առաջացնում պաշտոնեական պարտականությունների և նախընտրական քարոզչության տարանջատման վերաբերյալ։ Հատկապես կարևոր է պարզել՝ արդյոք համայնքապետարանի աշխատակիցներն ու վարչական ղեկավարները քարոզչական աշխատանքներին մասնակցում են աշխատանքային ժամերին, և ինչպես է այդ ընթացքում կազմակերպվում նրանց ծառայողական պարտականությունների կատարումը։
Ախուրյանում ընտրություններին մասնակցում է միայն մեկ քաղաքական ուժ, իսկ համայնքի գործող ղեկավարն առաջադրվել է նույն ուժի ցուցակով։ Այս պայմաններում համայնքային աշխատակազմի ներկայացուցիչների քարոզչական ակտիվության հանգամանքները հանրային հետաքրքրության առարկա են դառնում։
Միաժամանակ, միայն քարոզչական միջոցառմանը մասնակցելու հանգամանքը ինքնին դեռևս չի հաստատում օրենսդրության խախտումը։ Դրա գնահատման համար անհրաժեշտ է պարզել մասնակցության հանգամանքները, ժամանակը և աշխատակիցների կարգավիճակը։
Ա.Ղազարյան
