Politics
Մերոնք այդպես էլ չօգտագործեցին համաժողովի ամբիոնը՝ թեկուզ Արցախի բնությանը եւ բնիկ ժողովրդի իրավունքներին հասցված վնասների խնդիրները միջազգային մակարդակով վեր հանելու. «Ազգ»
Հայաստանում անցկացվող COP 17-ի համաժողովի նշանակությունը պետության համար անժխտելի է՝ Հայաստանի միջազգային կարեւորման տեսակետից առանձնապես, եւ այդ առումով դրական շատ ասպեկտներ կարելի է թվարկել, ու մեր պաշտոնյաները դա անում են։
Կարելի է, իհարկե, կանգ առնել այն բանի վրա, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարից, Իրանի նախագահից եւ արտգործնախարարից եւ միջինասիական հանրապետությունների ղեկավարներից բացի՝ այլ առանցքային ֆիգուրներ այս դեպքում Հայաստան չէին եկել, հատկապես տեսանելի էր ԵՄ անդամ պետությունների բարձր ներկայացուցչական բացակայությունը, եւ մեջբերել ընդդիմադիրներին, ըստ որոնց սա դեպի Ռուսաստան ռեւերանսների արդյունքում է:
Կարելի է նախանձել Իրանի նախագահի ելույթին՝ նա COP-17-ի շրջանակն ու բնապահպանական ուղղվածությունն օգտագործեց իր երկրի դեմ ուղղված պատերազմի բնապահպանական հետեւանքների համար մեղադրանքի սլաքներ ուղղելու իր երկրի դեմ պատերազմական գործողություններ իրականացնողներին, իսկ մերոնք այդպես էլ չօգտագործեցին համաժողովի ամբիոնը՝ թեկուզ Արցախի բնությանը եւ բնիկ ժողովրդի իրավունքներին հասցված վնասների խնդիրները միջազգային մակարդակով վեր հանելու։ Կամ Ամուլսարի եւ Թեղուտի շահագործման բացասական հետեւանքների մասին թեկուզ ալտերնատիվ տեսակետի մատուցման հնարավորություն ստեղծելու՝ պետական-պաշտոնեական տեսակետների կողքին։ Կարելի է խոսել նաեւ համաժողովի ծախսերում հնարավոր կոռուպցիոն երեւույթների մասին՝ դրանք թող ուսումնասիրեն ընդդիմադիրներն ու հետաքննական լրագրության ներկայացուցիչները։
Կա, այո, նաեւ այլ բացվածք՝ որ մեր ոլորտային պաշտոնյաները մի փոքր ավելի կազդվեն, կկրթվեն ու բան կսովորեն կենսաբազմազանության եւ բնապահպանական բարձրացվող խնդիրների միջազգային փորձի հետ հաղորդակցվելով։ Սակայն COP-17-ի կազմակերպական շուքի ու միջոցառումների մասշտաբայնության ֆոնին զուգահեռվող տեղական իրողությունները հարցեր եւ թերահավատություն են առաջացնում, եթե, օրինակ, նրա շրջանակում առանցքային թեմա բնիկ ժողովուրդների՝ հնդկացիների եւ Ավստրալիայի աբորիգենների իրավունքների քննարկումներին չի կարողանում ներկա լինել բնիկ ժողովրդի իր իրավունքից զրկված արցախցին եւ իր իրավունքներից խոսել։ Կամ «Քաղաքային կենսաբազմանության գոտի» Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնության քննարկումների, ֆիլմերի ցուցադրությունների եւ շատախոսության արդյունքում եթե օգտակար եզրահանգման չեն գալու առ այն, որ չի կարելի Երեւանի կանաչ տարածքների կրճատման հաշվին, զուտ շահի համար, առանց հաշվարկելու, թե հետագայում ինչ անլուծելի խնդիրների առաջ կկանգնի քաղաքը լոգիստիկ, ջրամատակարարման, աղբահեռացման, կոյուղատարների թողունակության եւ այլ խնդիրների առումով Երեւանը անվերահսկելի կերպով բարձրահարկերով լցոնելն ու անշունչ գոտու վերածելը։
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
