Politics
Հիմնական հարցն այն է, թե Հայաստանը նախապատրաստե՞լ է այն համակարգը, որը գործելու է ՀԱՊԿ-ից հետո․ «Հայացք Երևանից»
Ինչո՞ւ Հայաստանը չի ավարտում ՀԱՊԿ–ի վերաբերյալ որոշումը
Հայաստանը մի քանի տարի է՝ փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին, սակայն իրավականորեն շարունակում է մնալ կազմակերպության անդամ։
Իշխանությունը հայտարարում է, որ ՀԱՊԿ-ը չի կատարել Հայաստանի նկատմամբ իր պարտավորությունները։ Երբ հարձակման ենթարկվեց Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքը, կազմակերպությունը չգործադրեց հավաքական պաշտպանության իր մեխանիզմը։ Ստացվում է՝ Հայաստանը շարունակում է դաշնակից համարվել մի կառույցում, որը վճռորոշ պահին չպաշտպանեց իրեն։ Այս վիճակը կարող էր ժամանակավոր լինել, եթե Հայաստանը այդ ընթացքում կառուցեր անվտանգության նոր համակարգ և պատրաստվեր վերջնական որոշման։ Բայց տարիներով շարունակվող անորոշությունն արդեն ինքնին խնդիր է դարձել։
Մենք ո՛չ լիարժեքորեն մասնակցում ենք գործող դաշինքին, ո՛չ պաշտոնապես դուրս ենք գալիս դրանից, ո՛չ էլ ներկայացնում ենք հասարակությանը, թե ինչ համակարգով ենք պատրաստվում այն փոխարինել։ Ի՞նչ է տալիս ՀԱՊԿ–ում մնալը Հայաստանը դեռ ունի թղթի վրա գրված հավաքական պաշտպանության երաշխիք։ Սակայն արդեն տեսել ենք, որ իրավական պարտավորությունը դեռ չի նշանակում այն կատարելու քաղաքական կամք։ ՀԱՊԿ-ում մնալը կարող է ժամանակավորապես զսպել Ռուսաստանի հնարավոր հակազդեցությունը և թույլ տալ միանգամից չվերանայել հայ-ռուսական հարաբերությունների ամբողջ համակարգը։ Բայց այդ հարաբերությունները չեն սահմանափակվում ՀԱՊԿ-ով։ Ռազմաբազան, սահմանապահ ներկայությունը, տնտեսական ու էներգետիկ կապերը և մյուս պայմանավորվածությունները առանձին հարցեր են։ Հետևաբար՝ ՀԱՊԿ-ից դուրս գալը չի նշանակում Ռուսաստանի հետ հարաբերությունների խզում, այլ նշանակում է ընդունել, որ տվյալ կազմակերպությունն այլևս չի իրականացնում այն նպատակը, որի համար Հայաստանը շարունակում է մնալ նրա անդամը։ Մնալու գլխավոր վտանգն այն է, որ չգործող երաշխիքը շարունակում ենք ներկայացնել որպես անվտանգության համակարգ։ Այդպես այն ոչ միայն չի պաշտպանում Հայաստանը, այլև հետաձգում է իրական այլընտրանքի ստեղծումը։ Ի՞նչ հետևանքներ կունենա դուրս գալը ՀԱՊԿ-ից դուրս գալուց հետո Հայաստանը կկորցնի նույնիսկ այն իրավական երաշխիքը, որը գործնականում չի կիրառվել։ Հնարավոր են նաև Ռուսաստանի քաղաքական, տնտեսական կամ ռազմատեխնիկական հակազդեցություններ։ Դրանք իրական ռիսկեր են և չեն կարող անտեսվել։ Պետք է նաև հասկանալ, որ գործող իրավիճակն ինքնին անվտանգ չէ։ Հայաստանը հիմա էլ փաստացի չի օգտվում ՀԱՊԿ-ի պաշտպանությունից։ Տարբերությունն այն է, որ շարունակում է կրել անդամակցության քաղաքական սահմանափակումները և ստեղծել պաշտպանվածության այնպիսի տպավորություն, որն իրականությանը չի համապատասխանում։ Ուստի հարցը չի կարող ձևակերպվել միայն այսպես՝ մնա՞լ, թե՞ դուրս գալ։ Հիմնական հարցն այն է, թե Հայաստանը նախապատրաստե՞լ է այն համակարգը, որը գործելու է ՀԱՊԿ-ից հետո։ Եթե դուրս գալը կատարվի առանց այդ համակարգի, այն կարող է վերածվել վտանգավոր դատարկության։ Եթե դրան նախորդեն բանակի ուժեղացումը, կախվածությունների նվազեցումը և արտաքին հարաբերությունների վերակառուցումը, այն կարող է դառնալ ինքնուրույն անվտանգային քաղաքականության սկիզբ։ Ո՞րն է իրական ընտրությունը Հայաստանի ընտրությունը միայն ՀԱՊԿ-ում մնալը կամ մեկ այլ դաշինքի անդամ դառնալը չէ։ Կա նաև երրորդ ճանապարհ, որը վերևում մատնանշեցինք՝ դուրս գալ չգործող դաշինքից, չանցնել մեկ այլ ուժային կենտրոնի ենթակայության տակ և անվտանգությունը կառուցել սեփական ուժի, բազմակողմ համագործակցության ու զինված չեզոքության վրա։ Սա հեշտ ճանապարհ չէ։ Հնարավոր է՝ այն նույնիսկ ավելի դժվար է, քան նոր դաշնակից փնտրելը, որովհետև պահանջում է անվտանգության հիմնական պատասխանատվությունը վերցնել սեփական պետության վրա։ Բայց միայն այդ դեպքում Հայաստանը կարող է դադարել անվտանգություն խնդրող պետություն լինելուց և դառնալ սեփական անվտանգությունը կազմակերպող պետություն։ ՀԱՊԿ-ից դուրս գալը ինքնին Հայաստանը չի դարձնի ավելի անվտանգ, բայց չգործող դաշինքում անվերջ մնալն էլ անվտանգություն չի ստեղծում։ Ուստի հիմնական հարցն այլևս այն չէ, թե ՀԱՊԿ-ը դաշնակից է, թե ոչ։ Իրադարձություններն այդ հարցին արդեն պատասխանել են։ Հիմնական հարցը սա է․ Հայաստանը պատրա՞ստ է հրաժարվել չգործող դաշինքի պատրանքից և իր անվտանգությունը կառուցել սեփական ուժի ու զինված չեզոքության վրա։
Արթուր ԲԱԼՈՅԱՆ
