Politics
«Ում ուզենամ՝ կկրճատեմ, ում ուզենամ՝ կընդունեմ»․ աշխատակիցները պնդում են, որ տնօրենըբապօրինի որոշումներ է կայացնում
Factum.am-ի տեղեկություններովՇիրակի «Երեխայի խնամքի կենտրոն» ՊՈԱԿ մասնաճյուղի 13 տարի աշխատած աշխատակցին աշխատանքից ազատել են՝ առանց նախապես տեղեկացնելու։ Տնօրենը պատճառաբանել է հաստիքային միավորի կրճատմամբ, իսկ աշխատակցի հարցադրումներին, ըստ նրա, պատասխանել է՝ «թազա սաստավ է հավաքելու»։
Factum.am-ը շարունակում է ահազանգեր ստանալ Գյումրիի «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի և «Երեխայի խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղի աշխատանքների վերաբերյալ։
Մեր աղբյուրի փոխանցմամբ տվյալ աշխատակցի փոխանցմամբ՝ 2026 թվականի հոկտեմբերի 30-ին իրեն աշխատանքից ազատելու մասին որոշում է ներկայացվել՝ պատճառաբանելով, որ նվազել է իր հաստիքային միավորը։ Սակայն աշխատակիցը պնդել է, որ աշխատանքային պայմանների փոփոխության վերաբերյալ տնօրենի ներկայացրած համաձայնագիրն ապօրինի է, իսկ աշխատանքից ազատման գործընթացն իրականացվել է առանց իրեն նախապես տեղեկացնելու։
Հարցադրումները, թե ինչու է իր հաստիքային միավորը նվազեցվել՝ առանց նախազգուշացման, ըստ աշխատակցի, որևէ հստակ պատասխան չեն ստացել։ Փոխարենը՝ տնօրեն Լիդիա Մարտիրոսյանը, աշխատակցի փոխանցմամբ, ասել է, որ «թազա սաստավ է հավաքելու»։
Factum.am-ի աղբյուրը նշում է, որ տնօրենը կադրերի հարցում բավականին կոշտ դիրքորոշում ունի։
«Ում ուզենամ՝ կկրճատեմ, ում ուզենամ՝ կընդունեմ»։
Այս խոսքերը, եթե փոխանցված են ճշգրիտ, հարցեր են առաջացնում ոչ միայն կոնկրետ աշխատակցի ազատման, այլև հաստատությունում կադրային որոշումների կայացման սկզբունքների վերաբերյալ։ Արդյո՞ք հաստիքների կրճատումն իրականացվում է հստակ չափորոշիչներով, և արդյո՞ք աշխատակիցները պատշաճ տեղեկացվում են իրենց աշխատանքային պայմանների փոփոխությունների մասին։
Խնդիրը միայն մեկ աշխատակցի աշխատանքից ազատումը չէ։ «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ին են միավորվել խնամքի մյուս մասնաճյուղերը։ Աշխատակիցների պնդմամբ՝ միավորումից հետո շատերը մնացել են անաշխատանք, իսկ կադրային որոշումները կայացվել են տնօրենի կամայական վերաբերմունքի հետևանքով։
Մինչդեռ խոսքը մի հաստատության մասին է, որի աշխատանքը կապված է երեխաների խնամքի և աջակցության հետ։ Նման կառույցում աշխատակիցների նկատմամբ վերաբերմունքը, աշխատանքային պայմանների փոփոխությունների թափանցիկությունն ու որոշումների հիմնավորվածությունը կարևոր են ոչ միայն աշխատողների, այլև հաստատության բնականոն գործունեության համար։
Լիդիա Մարտիրոսյանն օրերս տված հարցազրույցներից մեկում նշել էր, որ կենտրոնում նոր փոփոխություններ են իրականացվում, և աշխատակիցները պետք է համապատասխանեն սահմանված չափորոշիչներին։
Սակայն այս դեպքում հարց է առաջանում՝ ի՞նչ չափորոշիչների մասին է խոսքը, ինչպե՞ս են դրանք կիրառվում, և արդյո՞ք աշխատակիցների ազատման ու հաստիքների կրճատման գործընթացները համապատասխանում են աշխատանքային օրենսդրության պահանջներին։
Ա. Ղազարյան
