Connect with us

Politics

«Թուրքի ինչի՞ն հավատաս, իրենք խարդախ են». Ախուրիկում չեն վստահում սահմանի բացման հեռանկարին

Հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման թեման Ախուրիկի բնակիչների շրջանում ոչ թե ոգևորություն, այլ անվտանգության հետ կապված բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Շիրակի մարզի սահմանամերձ գյուղում մարդիկ ասում են՝ Թուրքիայի հետ հարաբերությունների վերաբերյալ հնչող խաղաղասիրական հայտարարությունները դեռ բավարար չեն իրենց մտահոգությունները փարատելու համար։

Գյուղի 58-ամյա բնակիչ Գևորգ Վարդանյանի համար խնդիրը միայն այսօրվա քաղաքական հայտարարությունները չեն։ Նրա ընտանիքն իր պատմության մեջ ունի թուրքական հետապնդումներից փրկվելու փորձ, ինչի պատճառով սահմանային անվտանգության հարցը նրա համար հատկապես զգայուն է։

Վարդանյանը չի հավատում, որ սահմանի բացումն ինքնաբերաբար անվտանգ ու խաղաղ կյանք կապահովի։

«Ինչղ կարելի է հավատալ թուրքին, իրենք խարդախ են, հացը ծնկներին։ Կարող են հացդ ուտել ու քեզ թիկունքից խփել։ Էս ամեն ինչը ավելի շատ խաբեության է նման, քան խաղաղության։ Ամեն օր ժողովրդի գլուխը ստերով կլցնեն, բայց չկա խաղաղություն»,- ասում է նա։

Ախուրիկի բնակիչների համար սահմանային քաղաքականությունը վերացական թեմա չէ։ Գյուղը գտնվում է հայ-թուրքական սահմանի անմիջական հարևանությամբ, և սահմանին տեղի ունեցող ցանկացած փոփոխություն կարող է անդրադառնալ տեղի բնակչության անվտանգության զգացողության վրա։

Գյուղում տարիներ շարունակ կուտակված խնդիրներին այսօր ավելանում է նաև անորոշությունը՝ կապված Հայաստանի և Թուրքիայի միջև հնարավոր նոր գործընթացների հետ։ Բնակիչների մի մասի համար սահմանի բացման մասին խոսակցությունները դեռևս չեն ուղեկցվում այնպիսի հստակ երաշխիքներով, որոնք կարող են վստահություն առաջացնել։

Ախուրիկում, որտեղ սահմանը գյուղի առօրյայից անբաժան իրականություն է, անվտանգության հարցը շարունակում է մնալ առաջնային։

Continue Reading