Connect with us

Politics

ՍԴ-ն մերժել է ընդդիմության դիմումի քննությունը, որով վիճարկվում էր Կաթողիկոսի հեռացման դրույթը

Սահմանադրական դատարանը մերժել է «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների կողմից ներկայացված դիմումի քննությունը, որով վիճարկվում էր ԱԺ-ի կողմից կառավարության ծրագիրը հաստատելու մասին ԱԺՈ-3-Ն որոշման սահմանադրականության հարցը։

ԱԺՈ-3-Ն որոշումը վիճարկվել է ամբողջությամբ՝ դրա ընդունման նախատեսված կարգի խախտման հիմքով, իսկ բովանդակային առումով՝ այնքանով, որքանով այդ որոշմամբ Ազգային ժողովը հավանություն է տվել Կառավարության ծրագրի «Գլուխ 7. Հոգևոր անվտանգություն» բաժնի ներածական ձևակերպումներին և 1-3-րդ կետերին, որոնք պետական քաղաքականության նպատակ են դարձնում Եկեղեցու ներքին կանոնական կառավարման ոլորտին վերաբերող գործողությունները, արդյունքում խախտելով ինչպես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, այնպես էլ մարդկանց խղճի և դավանանքի իրավունքի ազատությանը։

«Սահմանադրական դատարանը փաստում է, որ Կառավարության ծրագրի դրույթներն ինքնին չեն կարող հանդիսանալ սահմանադրական վերահսկողության առարկա, քանի որ դրանք չունեն նորմատիվ բովանդակություն։ Դրանք քաղաքական հայտարարություններ են, որոնք ձեռք են բերում իրավական նշանակություն միայն հետագա իրավաստեղծ գործունեության արդյունքում, հետևաբար՝ ԱԺՈ-3-Ն որոշումը, որով հավանություն է տրվում այդ ծրագրին, նույնպես չի կարող հանդիսանալ սահմանադրական վերահսկողության առարկա այն առումով, որքանով դա վերաբերում է ծրագրի բովանդակային դրույթներին…

Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ դիմումը չի ապահովում Սահմանադրական դատարանի կողմից սահմանադրաիրավական հարցի ըստ էության քննության համար անհրաժեշտ փաստարկվածության նվազագույն շեմը, որպիսի պայմաններում սույն գործի քննությունը ենթակա է մերժման՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով»,- նշված է ՍԴ աշխատակարգային որոշման մեջ:

ԱԺ-ի կողմից կառավարության ծրագիրը հաստատելու մասին 2026 թ. օգոստոսի 25-ի որոշումը։

ՍԴ աշխատակարգային որոշումն ամբողջությամբ՝ հղումով։

Կառավարության ծրագրի «Հոգևոր անվտանգություն» բաժնի 1-3 կետերն են.

«1) Ապահովվելու է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի հեռացումը (հանգստի կոչումը), և սահմանված կարգով իրականացվելու է Կաթողիկոսական տեղապահի ընտրություն:

2) Ապահովվելու է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնադրության ընդունումը, որով պետք է սահմանվեն ամրագրված սկզբունքների պահպանման, ֆինանսական թափանցիկության և հոգևորականների բարեվարքության ապահովման կառուցակարգեր:

3) Սահմանված կարգով ապահովվելու է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրությունը»։

Continue Reading