Politics
Հ1-ը մեր պահանջագիրը պետք է բավարարի, չբավարարի՝ կգնանք դատական կարգով. Ավետիք Չալաբյան
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը պահանջում է Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Վասակ Դարբինյանի և Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի հրաժարականը՝ Հանրայինի եթերային քաղաքականությունը տապալելու, սեպտեմբերի 27-ին անպատեհ բովանդակություն հեռարձակելու և հեռուստաընկերությունն իշխանական քարոզչամիջոցի վերածելու համար։ Միավորումը պահանջում է նաև անհապաղ վերանայել Հանրայինի եթերային քաղաքականությունը՝ այն վերադարձնելով հանրությանը։
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը Factum.am-ի հետ զրույցում նշել է, որ նախաձեռնությանը միացել են բազմաթիվ լրագրողներ, որոնք, նրա խոսքով, անմիջականորեն են առնչվում Հանրային հեռուստաընկերության լուսաբանման ընթացքում առկա անարդարություններին։
«Բազմաթիվ լրագրողներ են միացել մեր նախաձեռնությանը, որովհետև նրանք են ամենաշատը տեսնում էդ անարդարությունը՝ ամենաանմիջական կերպով։ Ինչքան հանրային մեծ արձագանք ստանա, այնքան ավելի մեծ կլինի ճնշումը էս մարդկանց վրա»,- ասել է Չալաբյանը։
Նրա խոսքով՝ պահանջագիրը վերաբերում է ոչ միայն սեպտեմբերի 27-ի եթերին, այլև Հանրային հեռուստաընկերության՝ ընտրությունների ընթացքում դրսևորած, իր գնահատմամբ, կանխակալ մոտեցմանը, ինչպես նաև քաղաքական հաղորդումներին և Ազգային ժողովի նիստերի լուսաբանմանը։
«Մենք իրենց մեղադրում ենք ոչ միայն սեպտեմբերի 27-ի խայտառակ վարքագծի համար, այլ նաև ընտրությունների ժամանակ իրենց կանխակալ մոտեցման և Պետրոս Ղազարյանի կանխակալ վերաբերմունքի համար։ ԱԺ նիստերն էլ են կանխակալ մեկնաբանում։ Այսինքն՝ մեր հիմնական խնդիրն այն է, որ դա հանրային հեռուստաընկերություն է, ոչ թե կառավարական, ՔՊ-ի հեռուստաալիք։ Հ1-ը բացարձակ հանդես է գալիս որպես ՔՊ-ի լրատվական ալիք»,- նշել է նա։
Չալաբյանի խոսքով՝ եթե Հանրային հեռուստաընկերությունը չարձագանքի ներկայացված պահանջներին, «ՀայաՔվե»-ն հարցը կտեղափոխի իրավական հարթություն։
«Եթե իրենք չարձագանքեն, ապա մենք իրենց դատի ենք տալու։ Ամենայն լրջությամբ։ Մեր պահանջագիրը պետք է բավարարեն, չբավարարեն՝ կգնանք դատական կարգով»,- հայտարարել է «ՀայաՔվե»-ի համակարգողը։
Նա նաև անդրադարձել է Ամենայն Հայոց կաթողիկոսի ամանորյա ուղերձի հեռարձակման հարցին՝ պնդելով, որ Հանրայինի եթերային քաղաքականության հետևանքով կաթողիկոսի ուղերձը չի հեռարձակվում։ Չալաբյանը կասկածի տակ է դրել այդ մոտեցման հիմնավորվածությունը՝ հայտարարելով, որ կաթողիկոսն ավելի բարձր աջակցություն ունի, քան վարչապետը։
Հիշեցնենք՝ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը Հանրային հեռուստաընկերության եթերային քաղաքականության վերաբերյալ իր հայտարարության մեջ նշել էր, որ Հանրայինը, որը ֆինանսավորվում է հարկատուների միջոցներով և պարտավոր է ապահովել չեզոքություն ու բազմակարծություն, ըստ իրենց գնահատականի, շեղվել է իր առաքելությունից և դարձել իշխանամետ քարոզչության գործիք։ Միավորումը պահանջում է Հանրայինի ղեկավարության հրաժարականն ու եթերային քաղաքականության վերանայում։
Ա. Ղազարյան
