Politics
Ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկում՝ ՄԻՊ-ի և Անվտանգության ոլորտի կառավարման Ժնևյան կենտրոնի համագործակցությամբ
Հոկտեմբերի 14-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ՝ Անվտանգության ոլորտի կառավարման Ժնևյան կենտրոնի (DCAF) հետ համագործակցությամբ, տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր զինծառայողների իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդի ընդլայնված նիստը՝ նվիրված զինվորական ծառայության ընթացքում ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը։
Նիստի նպատակն էր խթանել երկխոսությունը՝ ուղղված Հայաստանի զինված ուժերում ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը։
Նիստին բացման խոսքով հանդես են եկել Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ՀՀ Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, DCAF Եվրոպայի և Ասիայի գծով ղեկավարի տեղակալ Անթյե Ֆրիցը։
Անահիտ Մանասյանն իր խոսքում մասնավորապես ընդգծել է, որ զինծառայողի մահվան յուրաքանչյուր դեպք խիստ մտահոգիչ է, և նման դեպքերի կանխարգելումը պահանջում է շարունակական ու համակարգային աշխատանք, արդյունավետ կանխարգելիչ կառուցակարգերի գործարկում, ինչպես նաև իրավասու պետական մարմինների պատշաճ և հետևողական աշխատանք։
Պաշտպանը նշել է, որ զինծառայողների մահվան դեպքերը և զինված ուժերում իրավունքների երաշխավորման համատեքստում առկա խնդիրները վկայությունն են այն հանգամանքի, որ չնայած իրականացված աշխատանքներին` ոլորտում դեռևս առկա են հրատապ լուծում պահանջող խնդիրներ։ Համակարգային բարեփոխումների կարիք ունեն զինված ուժերում բռնի մահվան դեպքերի, ինքնասպանությունների, ինքնավնասումների, վատ վերաբերմունքի կանխարգելման հետ կապված հարցերը։ Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ զինված ուժերում ոչ կանոնադրային հարաբերությունների բացառումն օրակարգային անհրաժեշտություն է, ինչի առնչությամբ իրականացվող քայլերը պետք է լինեն հայեցակարգային` ընդգրկելով կանխարգելման կոնկրետ կառուցակարգեր: Պաշտպանը շեշտադրել է նաև համապատասխան դեպքերի առնչությամբ քրեական վարույթներով պատշաճ, բազմակողմանի և օբյեկտիվ քննության ու մեղավորներին պատասխանատվության ենթարկելու կարևորությունը: Քննարկվել են նաև զինված ուժերում առողջ բարոյահոգեբանական միջավայրի ապահովման, զինծառայողների իրավունքների պաշտպանության, խնդիրների վաղ վերհանման և դրանց պատշաճ արձագանքման մեխանիզմների արդյունավետությանն առնչվող հարցեր։ Պաշտպանը շեշտել է պետական մարմինների, միջազգային գործընկերների, քաղաքացիական հասարակության, իրավապաշտպանների, ոլորտային անկախ մասնագետների հետ ինստիտուցիոնալ ու շարունակական համագործակցության կարևորությունը, այդ թվում՝ փորձագիտական խորհրդի ձևաչափի շրջանակում՝ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության առկա խնդիրների վերհանման և դրանց լուծմանն ուղղված արդյունավետ քայլերի մշակման տեսանկյունից։ Ամփոփելով խոսքը՝ Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել DCAF-ի, պետական մարմինների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության գործընկերներին և կարևորել է պետական մարմինների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և միջազգային գործընկերների միջև կառուցողական համագործակցությունը։ Անահիտ Մանասյանը ևս մեկ անգամ շեշտել է, որ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը գտնվում են իր անմիջական ուշադրության ներքո։ Քննարկվել են ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի, ինքնասպանությունների, ինքնավնասման, բռնության և վատ վերաբերմունքի հետ կապված հիմնական ռիսկային գործոնները, դրանց կանխարգելման մեխանիզմները, զինված ուժերում կազմակերպական և ղեկավարման մշակույթի բարելավման, հոգեկան առողջության պահպանման և հոգեբանական աջակցության ապահովման հարցերը։ Առանձին ուշադրություն է դարձվել կանխարգելման գործում պետական մարմինների համագործակցությանը, անկախ վերահսկողություն իրականացնող կառույցների դերին և միջազգային փորձին։ Որպես խոսնակներ՝ հանդես են եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արամ Մինասյանը, ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը, պահեստազորի գնդապետ, ռազմական փորձագետ Գրիգոր Սահակյանը, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Անդրանիկ Եղոյանը, ՀՀ ՊՆ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի ՊԺԿ Արթուր Ադամյանը, աշխատանքի հոգեբանության գծով անկախ փորձագետ և զինվորականների հոգեկան առողջության մասնագետ (Միացյալ Թագավորություն) Ջոաննա Հարվին, հոգեկան առողջության և ինքնասպանությունների կանխարգելման գծով փորձագետ (Վրաստան) Էկա Չկոնիան, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի (ICLaw) նախագահ Սիրանուշ Սահակյանը, Եվրոպական զինվորական միությունների կազմակերպության ( EUROMIL) նախագահ Էմանուել Ժակոբը, Սերբիայի ազգային օմբուդսմենի նախկին ավագ խորհրդական, Բելգրադի համալսարանի ավագ գիտաշխատող Լուկա Գլուշացը, «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ-ի փաստաբան Արա Ղարագյոզյանը, ինչպես նաև այլ փորձագետներ։ Նիստին մասնակցել են Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության, պետական մարմինների, միջազգային կառույցների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, փորձագիտական խորհրդի անդամներ, ինչպես նաև հայաստանյան և միջազգային փորձագետներ։
