Politics
«Ժողովուրդ». ԱԱԾ մեկուսարանի խայտառակ պայմանները․ քրեական հեղինակությունների հետ նույն խցերում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԱԾ մեկուսարանում, որտեղ այս պահին պահվում են մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ և քրեական ենթամշակույթը կրող անձինք, պահման պայմանները շարունակում են լուրջ մտահոգություններ առաջացնել։Խոսքը ՀՀ արդարադատության նախարարության վերահսկողության ներքո գտնվող քրեակատարողական հիմնարկի մասին է, որտեղ, մեր տեղեկություններով, պահվող անձինք ստիպված են ապրել խայտառակ պայմաններում։ Խնդիրները վերաբերում են ոչ միայն խցերի չափազանց անհարմար փոքր տարածքին, այլև կահավորմանը, անկողնային պարագաներին, սանիտարական պայմաններին և տրամադրվող սննդին։«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տարբեր ժամանակահատվածներում մեկուսարան այցելած իրավապաշտպանները, պատգամավորներն ու այլ ներկայացուցիչներ տեղում ականատես են եղել պահման պայմանների հետ կապված լուրջ խնդիրների։Մասնավորապես, տևական ժամանակ խնդիր է եղել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խցի հետ կապված։ Քոչարյանը պահվում է ընդամենը մի քանի քառակուսի մետր տարածք ունեցող խցում։ Խցում տեղադրված է եղել երկհարկանի մահճակալ, ինչի հետևանքով ազատ տեղաշարժվելու հնարավորությունը սահմանափակվել է։ Ըստ մեր աղբյուրների՝ Քոչարյանի կողմից բարձրացվել է մահճակալը մեկհարկանի դարձնելու հարցը, որպեսզի հնարավոր լինի փոքր սենյակում գոնե նստել անկողնու վրա։Մեկուսարանում, ըստ մեր տեղեկությունների, այս պահին Ռոբերտ Քոչարյանը միակն է, որն իր խցում միայնակ է պահվում։ Մյուսների դեպքում իրավիճակն այլ է․ նրանց հիմնականում պահում են երկու անձով՝ մեկ խցում։ Մեկուսարանում են նաև նախկին պաշտոնյաների ընտանիքի անդամներ։ Մեր տեղեկություններով՝ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, խցում է պահվում քրեական ենթամշակույթի ներկայացուցիչներից մեկի հետ։ԱԱԾ մեկուսարանում է նաև Անդրանիկ Թևանյանը, որը նույնպես, մեր տեղեկություններով, խցում միայնակ չէ։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ մեկուսարանում պահվում են նաև Գագիկ Ծառուկյանը, Գագիկ Բեգլարյանը և այլ անձինք, որոնց պահման պայմանները ևս, ըստ տեղեկությունների, հեռու են բավարար լինելուց։Նախօրեին Սամվել Կարապետյանին ևս տեղափոխել են ԱԱԾ մեկուսարան։ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ ԱԱԾ մեկուսարանում այս պահին գտնվում են քրեական ենթամշակույթը կրող երկու հայտնի անձինք, որոնք պահվում են նույն խցում։Սակայն մեկուսարանի խնդիրները միայն խցերի փոքր տարածքով չեն սահմանափակվում։ Հիմնարկի կահավորումը վաղուց չի թարմացվել։ Հին են մահճակալները, աթոռները, սեղանները, իսկ պահման պայմանները չեն համապատասխանում այն նվազագույն չափանիշներին, որոնք պետք է ապահովվեն ազատությունից զրկված անձանց համար։Ավելին, խցերում առկա են նաև սանիտարական լուրջ խնդիրներ․ զուգարանը գտնվում է հենց խցի ներսում։Խնդրահարույց է նաև սննդի հարցը։ Մեկուսարանում պահվող անձանց տրամադրվող սննդի որակը, մեր աղբյուրների փոխանցմամբ, նույնպես բավարար չէ։Այսպիսով, ստացվում է, որ մի հիմնարկում, որտեղ պահվում են նախկին նախագահ, նախկին վարչապետի որդի, նախկին նախարարներ, քաղաքական գործիչներ և քրեական ենթամշակույթի ներկայացուցիչներ, առկա են տարիներով չլուծված խնդիրներ։ Եվ տպավորություն է, որ մարդկանց մեկուսացնելով՝ վրեժ լուծելով ՔՊ-ն չի բավարարվում, նաև խցերում անմարդկային պայմաններ ստեղծելով են փորձում ճնշել քաղկալանավորներին»։
