Connect with us

Politics

Գյումրիի խնամքի կենտրոնի շուրջ նոր դժգոհություններ են․ ծնողները խոսում են երեխաներին հեռացնելու սպառնալիքների մասին

Գյումրիում գործող «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղի գործունեության վերաբերյալ ծնողների դժգոհությունները նոր զարգացում են ստացել։ Եթե սկզբնական ահազանգը վերաբերում էր երեխաների վարքագծի փոփոխություններին և հաստատությունում նրանց նկատմամբ իրականացվող խնամքին, ապա այժմ ծնողները մտահոգված են նաև իրենց բարձրաձայնած խնդիրների հնարավոր հետևանքներով։Factum.am-ի տեղեկություններով՝ կենտրոնի աշխատանքից դժգոհություն հայտնած ծնողներին հայտնել են, որ իրենց երեխաները կարող են այլևս չօգտվել հաստատության ծառայություններից։ Այս հանգամանքը լրացուցիչ անհանգստություն է առաջացրել ընտանիքներում, քանի որ կենտրոնի ծառայություններից օգտվելու հնարավորության կորուստը կարող է խնդիր դառնալ երեխաների խնամքի կազմակերպման հարցում։Մինչդեռ ծնողների նախնական մտահոգությունների հիմքում երեխաների վարքագծի փոփոխություններն են։ Մասնավորապես, ծնողներից մեկը պատմել էր, որ երեխան կենտրոնից տուն վերադառնալուց հետո դրսևորում է ագրեսիվ վարք, ինչն էլ կասկածներ է առաջացրել հաստատությունում նրա հետ տարվող աշխատանքի վերաբերյալ։Փոխանակ ծնողների բարձրացրած հարցերը դառնան հանգամանալից քննարկման առարկա, իրավիճակը, ըստ ստացված տեղեկությունների, վերածվել է նաև ծնողներին կենտրոնի ծառայություններից զրկելու հեռանկարի։ Սա հարցեր է առաջացնում այն մասին, թե ինչ սկզբունքներով են կարգավորվում հաստատության և շահառուների ընտանիքների հարաբերությունները, և արդյոք ծնողների դժգոհությունը կարող է հիմք դառնալ երեխաների՝ կենտրոն հաճախելու իրավունքը սահմանափակելու համար։Հիշեցնենք, որ ավելի վաղ կենտրոնի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով զրուցել էինք ՊՈԱԿ-ի տնօրեն Լիդիա Մարտիրոսյանի հետ։ Անդրադառնալով երեխայի վարքագծի փոփոխության մասին ծնողի մտահոգությանը՝ նա նշել էր, որ նախ պետք է հնարավորություն տալ հոգեբանին աշխատել երեխայի հետ, իսկ արդյունք չլինելու դեպքում հարցը կքննարկեն։Այժմ, սակայն, ծնողների բարձրաձայնած նոր հանգամանքները պահանջում են նաև կենտրոնի ղեկավարության պարզաբանումը՝ ի՞նչ հիմքով է խոսվում երեխաներին հաստատությունից հեռացնելու մասին, և ինչպե՞ս է տնօրինությունը պատրաստվում արձագանքել ծնողների դժգոհություններին։

Ա.Ղազարյան

Continue Reading