Connect with us

Politics

ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ, ԼՈՍԻ ՔԻՍՈ, ՏԻԳՐԱՆ ԱՐԶԱՔԱՆՑՅԱՆ… ՄՏՔԻ «ԳԻԳԱՆՏՆԵՐԸ»

Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրընախկին վարչապետ Արամ Սարգսյանը, հատկապես ակտիվորեն սկսեց քաղաքականությամբ զբաղվել 2018-ից հետո, չնայած 2018-ի իշխանափոխության օրերին Նիկոլ Փաշինյանի կողքին չէր եւ հայտնվեց, երբ նա արդեն վարչապետ դարձավ: Ընդդիմադիրի քողի տակ մտած Արամ Զավենիչը 2018-ից հետո վերածվել է ՔՊ-ի բացահայտ կցորդի: Բայց Երեւանի ավագանու 2023-ի ընտրություններից հետո նրա ղեկավարած «Հանրապետություն» կուսակցությունը բացահայտորեն ՔՊ-ին պաշտպանեց եւ իշխանության փայատեր դարձավ համայնքապետեր, քաղաքապետի տեղակալ եւ այլ պաշտոններ զբաղեցնելով: Մի բան լավ էր` մարդիկ հասկացան, որ Արամ Սարգսյանն ընդդիմադիր չէ: Եվ դա իր դերը խաղաց Գյումրու եւ Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում, որտեղ «Հանրապետությունը» չկարողացավ հաղթահարել անցողիկ շեմը: Արամ Սարգսյանի հակասական ուղու եւ կերպարի մասին կարելի է հատորներ գրել, սակայն ուզում ենք ներկայացնել նրա մտքի ընդամենը մի քանի «գոհար», որոնք փաստում են, որ նա քաղաքականության հետ այնքան կապ ունի, որքան, ասենք, Նիկոլ Փաշինյանը՝ ռազմական գործի:

Ահա Արամ Զավենիչի մտքի փայլատակումներից մի քանիսը.

«Մենք էլ Ալիեւին կգողանանք, եթե Ադրբեջանը գողանա Արայիկ Հարությունյանին»,- 2022 թվականին 24TV-ին տված հարցազրույցում ասել էր Արամ Սարգսյանը` նկատի ունենալով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին: «Եթե Սերժ Սարգսյանը 2026թ. ընտրություններին դնի իր թեկնածությունը, Ռոբերտ Քոչարյանից ավելի շատ ձայն կհավաքի, Քոչարյանն ո՞վ էր, որ ժամանակին իշխանությունը չտար Սերժ Սարգսյանին»․ սա էլ ասել է 2025 թվականին: Հ1-ին տված հարցազրույցներից, ավելի ճիշտ՝ մենախոսություններից մեկում նա, խոսելով իր՝ վարչապետ եղած ժամանակվա անարդյունք կառավարման մասին, որպես արդարացում, իրեն համեմատել է հղի կնոջ հետ. «Երեխայի ծնվելուն 9 ամիս է պետք, ես 6 ամիս եմ պաշտոնավարել»։ Ասել է 2025 թվականին:

Զավենիչը սխալ` չիրականացող կանխատեսումների մեծ վարպետ է: Նա 2015 թվականին «Իրատես» թերթին տված հարցազրույցում ասել է, որ Ռոբերտ Քոչարյանը շուտով դառնալու է երիտասարդ թոշակառու, իսկ ԱՄՆ նախագահական վերջին ընտրություններից առաջ պնդել է, որ Քամալա Հարիսն արդեն իսկ հաղթել է Թրամփին, այնինչ, ինչպես տեսանք, ընտրություններում հաղթեց հանրապետական Դոնալդ Թրամփը: Իրեն հայրենասեր հռչակած, բայց հակահայ խոսույթ տարածող այս անձի հարցազրույցները լսելու կամ ընթերցելու համար պողպատե նյարդեր են պահանջվում, հիմա նա չի խորշում անգամ զազրախոսել Բաքվի բանտերում խոշտանգվող հայ ռազմագերիների մասին:

Նման փայլուն «կանխատեսումներ» անելուց զատ, Արամ Զավենիչը նաեւ կես դրույքով «հաշվապահ» է աշխատում ու զրպարտում այլ քաղաքական ուժերի: Նա օրեր առաջ խոսելով Սամվել Կարապետյանի մասին՝ պնդել է. «Սամվել Կարապետյանն ամսական 15-20 հազար դոլար է ծախսում՝ մարդկանց մոբիլիզացնելու համար»: Եթե Ռ. Քոչարյանի եւ ռուսների հանդեպ ատելությունը բացատրում է նրանով, որ նրանք են կանգնած հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետեւում, ապա առնվազն հասկանալի չէ, թե ինչու է այդքան ատում Սամվել Կարապետյանին, որն իր երկրի համար միայն լավ բաներ է արել` բարեգործություն, ներդրումներ: Թերեւս, պատճառը կրկին Ռուսաստանն է։ Նա օրեր առաջ ասել է. «Եթե Կարապետյանը Պուտինի ասածը չանի, կպատժվի: ԱՄՆ-ն Սամվել Կարապետյանին համարում է Պուտինի հետ փողեր լվացող անձ»: Բայց այս «մտքի գիգանտը», բնականաբար, հանգիստ է վերաբերվում Արցախը հանձնելուն, պետբյուջեից միլիարդավոր դրամների պարգեւավճարներին, քաղաքական հալածանքներին եւ անգամ Հայ առաքելական եկեղեցու դեմ հետապնդումներին, թեեւ շատ սերտ հարաբերություններ է ունեցել Գարեգին Բ-ի հետ:

Continue Reading
Click to comment

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով