Tech
Արհեստական բանականություն և զբոսավարներ. Ինչպիսի՞ ռիսկեր են սպասվում մասնագիտությանը և ինչպե՞ս պատրաստվել դրանց
Արհեստական բանականությունը մեծ ազդեցություն է թողնում աշխատաշուկայի վրա և արագորեն փոխում այն, և զբոսավարության ոլորտը բացառություն չէ: Արդեն այսօր անվճար և էժան հավելվածները զբոսաշրջիկներին առաջարկում են պատրաստի տեքստեր, երթուղիներ և պատմական տեղեկանքներ: Առաջին հայացքից սա կենդանի զբոսավարին փոխարինող հարմարավետ և արագ այլընտրանք է: Սակայն այս տեխնոլոգիական պարզության հետևում թաքնված են մասնագիտության համար սպառնացող լուրջ ռիսկեր, ինչպես պնդում է Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի նախագահ Յաշա Սոլոմոնյանը:
Էժա՞ն այլընտրանք, թե՞ սպառնալիք որակին
Այսօր գոյություն ունեն բազմաթիվ հավելվածներ, որոնց օգնությամբ կարելի է անվճար ստանալ արհեստական բանականության կողմից գեներացված տեղեկատվություն: Օգտատիրոջ համար դա արագ է և հաճախ անվճար կամ շատ էժան: Հենց այդ պատճառով ԱԲ-ն սկսում է ընկալվել որպես կենդանի զբոսավարին փոխարինող այլընտրանք:
Սակայն, ինչպես NEWS.am Tech-ի հետ զրույցում նշել է Յաշա Սոլոմոնյանը, նման մոտեցումն ունի սահմանափակումներ: Առաջին հերթին, չպետք է մոռանալ, որ ԱԲ-ի կողմից տրամադրվող տեղեկատվությունը միշտ չէ, որ հավաստի է լինում: Բացի այդ, արհեստական բանականությունն ի վիճակի չէ ապահովել այն դինամիկան, էմոցիոնալ ներգրավվածությունը և մարդկային փոխազդեցությունը, որոնք ստեղծում է պրոֆեսիոնալ զբոսավարը: Էքսկուրսիան չէ՞ որ միայն փաստեր չեն, այլ նաև կենդանի շփում, լսարանին զգալու, հարցերին արձագանքելու և նյութի մատուցումը հարմարեցնելու կարողություն:
Այնուամենայնիվ, հարցը միայն որակի մեջ չէ: Առջևում կարող են ի հայտ գալ ավելի լուրջ մարտահրավերներ. աշխարհը սլանում է դեպի արհեստական բանականության ավելի առաջադեմ ձևերի փուլ, և եթե ԱԲ-ն սկսի բարձր մակարդակով նմանակել մարդու էմոցիաներն ու վարքագիծը, դա կարող է լուրջ խնդիր դառնալ շատ ոլորտների, այդ թվում՝ տուրիզմի և զբոսավարության համար:
Արդյո՞ք ԱԲ-ն կփոխարինի մարդուն
Պրոֆեսիոնալ համայնքի ներկայացուցիչների կարծիքով՝ արհեստական բանականությունն ինքնին չի փոխարինի մարդուն: Սակայն այն մարդիկ, ովքեր օգտագործում են ԱԲ-ն, կարող են փոխարինել նրանց, ովքեր չեն օգտվում դրանից, կարծում է Սոլոմոնյանը:
«ԱԲ-ն գործիք է՝ սմարթֆոնի նման: Այն չի կարելի ո՛չ թերագնահատել, ո՛չ էլ գերագնահատել: Ժամանակակից մասնագետը պարտավոր է տիրապետել արհեստական բանականության գործիքներին և խորացնել իր գիտելիքները՝ դրանք իր աշխատանքում կիրառելու համար»,- նշել է մասնագետը:
Նրա խոսքով՝ ԱԲ-ի կիրառումը կարող է զբոսավարի գործունեությունն ավելի արդյունավետ դարձնել՝ արագացնել և ավտոմատացնել գործընթացները, պարզեցնել առաջադրանքների կատարումը և ժամանակ ազատել պրոֆեսիոնալ ու անհատական աճի համար:
Այսպիսով, հարցը ոչ թե տեխնոլոգիայի և մարդու հակադրության մեջ է, այլ մասնագետի՝ նոր պայմաններին հարմարվելու, գտնում է Յաշա Սոլոմոնյանը:
Մրցակցությունը և պետության դերը
Այդուհանդերձ, մնում է նաև տնտեսական ասպեկտը: Շատ զբոսաշրջիկներ չեն ցանկանում գումար ծախսել զբոսավարի ծառայությունների վրա և նախընտրում են օգտվել հավելվածից: Այս իրավիճակում առանցքային դեր կարող է խաղալ պետությունը:
«Եթե ոչ այսօր, ապա ապագայում կպահանջվի օրենսդրական կարգավորում՝ ուղղված աշխատողների շահերի պաշտպանությանը: Առանց համապատասխան միջոցների, արհեստական բանականությունը կարող է բավականին արագ աշխատաշուկայից դուրս մղել հազարավոր մասնագետների»,- ասել է Սոլոմոնյանը:
Նման նախադեպեր, ըստ նրա, արդեն եղել են: Նախկինում զբոսաշրջիկները Հայաստան էին գալիս իրենց օտարերկրյա զբոսավարների հետ: Արդյունքում սահմանվեցին օրենսդրական պահանջներ, որոնց համաձայն՝ զբոսավարը պարտավոր է անցնել որակավորում, տիրապետել հայերենին և համապատասխանել սահմանված նորմերին: Սա ստեղծեց ֆիլտրեր և թույլ տվեց պաշտպանել տեղացի մասնագետների շահերը:
Նմանատիպ մեխանիզմներ հնարավոր են նաև ԱԲ-ի կիրառման նկատմամբ: Արդեն այսօր գոյություն ունեն բազմաթիվ հավելվածներ, որոնք օգտագործվում են երկրի տարածքում, բայց հարկեր չեն վճարում: Օրինակ՝ հավելվածը կարող է վաճառվել մեկ դոլարով և Հայաստանում չվճարել ոչ մի հարկային միավոր, մինչդեռ այստեղ աշխատող տեղացի զբոսավարը կանոնավոր կերպով հարկեր է վճարում: Օնլայն հարթակները կարող են և պետք է բերվեն երկրի օրենսդրական և հարկային դաշտ, կարծում է Սոլոմոնյանը:
Ոլորտի ներկայացուցիչներն ընդգծում են՝ իրենց խնդիրը ոչ թե կոնկրետ օրենսդրական նախաձեռնություններ մշակելն է, այլ պատկան մարմինների ուշադրությունը հրավիրելը հնարավոր ապագա մարտահրավերներին, որպեսզի պետությունը ժամանակին նախաձեռնի անհրաժեշտ փոփոխությունները:
ԱԲ ռիսկերը՝ պրոֆեսիոնալ քննարկման առանցքային թեմա
Հենց արհեստական բանականության հետ կապված ռիսկերն ու հնարավորություններն են դարձել քննարկման կենտրոնական թեման Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի կազմակերպած միջոցառման շրջանակում, որը նվիրված էր Զբոսավարների միջազգային օրվան (նշվում է ամեն տարի փետրվարի 21-ին):
Այդ օրը ասոցիացիան ավանդաբար անցկացնում է մասշտաբային միջոցառում, որը համախմբում է ոլորտի հարյուրավոր մասնագետների: Այս տարի ընտրվել էր այսօրվա ամենաարդիական թեմաներից մեկը՝ «Արհեստական բանականությունը և զբոսավարությունը»: Բանախոսների մասնակցությամբ երկժամյա պանելային քննարկման շրջանակում մասնակիցները քննարկել են պոտենցիալ ռիսկերը, հարմարվելու անհրաժեշտությունը և կարգավորման հնարավոր ուղիները:
