Politics
ՊԱՏԵՐԱԶՄՆ ԱՎԱՐՏՎԵՑ, ԵՐԲ ԻՐԱԿԱՆԱՑԱՎ ԱՌԱՋԻՆ ՕՐԸ ԱԼԻԵՒԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԾ ՆՊԱՏԱԿԸ. ՖԱՐՀԱԴ ՄԱՄԵԴՈՎ
Հարավային Կովկասի հետազոտական կենտրոնի տնօրեն Ֆարհադ Մամեդովը վերջերս Հայաստան այցելած Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչներից մեկն է: Նա մեր լրագրողի հարցին` «Արդարացի՞ է, ըստ Ձեզ, որ 44-օրյա պատերազմը փաստացի կանգնեցվեց նոյեմբերի 9-ի հայտնի եռակողմ համաձայնագրով, որի կողմերից մեկը ՌԴ նախագահն է, իսկ հակամարտության խաղաղ կարգավորման «դափնիներն» իրեն է վերագրում Թրամփը՝ Երեւանից ու Բաքվից իբրեւ երախտիք արժանանալով TRIPP նախագծի անվանակոչմանը», Ֆարհադ Մամեդովը պատասխանել է.
«44-օրյա պատերազմն ավարտվեց, երբ իրականացավ Ադրբեջանի նախագահի կողմից պատերազմի առաջին օրը հայտարարված նպատակը։ Դա հայկական զինված ուժերի դուրսբերումն էր Ադրբեջանի տարածքից։ Համաձայնագրերի արդյունքում Ռուսաստանին տրվեց բացառիկ իրավունք՝ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերություններում․ ստեղծվեց եռակողմ ձեւաչափ. Ռուսաստանի զինված ուժերը մտան Ղարաբաղ եւ մասնակցեցին Բաքվի եւ Ղարաբաղի հայերի միջեւ շփումներին։ ՌԴ-ն պետք է 5 տարի ժամկետով ստանձներ Հայաստանից Ղարաբաղ տանող ճանապարհի եւ Ադրբեջանի ցամաքային հատվածից դեպի մեզ պատկանող Նախիջեւանի Ինքնավար Հանրապետություն հաղորդակցությունների վերահսկողությունը Հայաստանի տարածքով։ Թուրքիայի նախագահի եւ Հայաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի ունեցավ ՌԴ ԱԳՆ շենքում։ Սակայն մանիպուլյատիվ մոտեցման պատճառով Մոսկվան կորցրեց իր բոլոր գործառույթները նշված տարածքներում։ Նույնը տեղի ունեցավ նաեւ ԵՄ միջնորդության հետ։ Այսօր ստեղծվել է երկկողմ ձեւաչափ, որի շրջանակներում Միացյալ Նահանգները՝ նախագահ Թրամփի գլխավորությամբ, դեր է խաղում հաղորդակցությունների ապաշրջափակման ավելի լայն հարցին վերաբերող միասնական նախագծում, եւ այս ոլորտն իր հերթին Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ փոխգործակցության բազմաթիվ ոլորտներից մեկն է։ ԱՄՆ-ի մասնակցությունը TRIPP նախագծում՝ Հայաստանի ինքնիշխան որոշումն է, եւ Ադրբեջանը նույնպես իր ինքնիշխան համաձայնությունն է տվել նորաստեղծ հայ-ամերիկյան ընկերության հետ համագործակցելու համար: Հետեւաբար, եթե ԱՄՆ-ի մասնակցությունը TRIPP նախագծում Ադրբեջանի եւ Հայաստանի կառավարությունների ինքնիշխան որոշումն է, ապա տրանսպորտային երթուղին նախագահ Թրամփի անունով կոչելը լռելյայն արդարացված է»։
