Politics
Ինչ է կատարվում Մերձավոր Արևելքում վերջին ժամերին
Ինչ է կատարվում Մերձավոր Արևելքում վերջին ժամերին
Թեհրանը չի պատրաստվում որևէ բանակցություն վարել Վաշինգտոնի հետ, հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, որի խոսքերը հրապարակվել են նրա Telegram-ալիքում։
«Մենք չենք վարելու որևէ բանակցություն ԱՄՆ-ում», — ասել է Լարիջանին։ Նա հավելել է, որ ամերիկյան առաջնորդն «իր սին հույսերով» Մերձավոր Արևելքը մատնել է քաոսի և այժմ վախենում է «ամերիկյան զորքերի հետագա կորուստներից»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է շարունակել պատժել Իրանին «ամբողջ ուժով» և հայտարարել, որ Իրանի դեմ պատերազմը կարող է տևել 4 շաբաթ, հայտնում է «Ազատությունը»:
Թրամփը Truth Social-ի վեց րոպեանոց տեսանյութում ասել է, որ Իրանում ռազմական գործողությունները ներկայումս շարունակվում են ամբողջ ուժով և կշարունակվեն այնքան ժամանակ, «քանի դեռ բոլոր նպատակները չեն իրագործվել»:
Զուգահեռաբար, Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի կազմում ընդգրկված վեց արաբական միապետություն զգուշացրել են հղել Իրանին հնարավոր պատասխան քայլերի վերաբերյալ՝ կոլեկտիվ անվտանգության շրջանակում։ Այդ մասին նշվել է արտահերթ առցանց նիստի արդյունքներով ընդունված հաղորդագրությունում, որը կայացել է արտաքին գործերի նախարարների մակարդակով, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Պարսից ծոցի երկրները պատրաստ են ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ իրենց ինքնիշխանությունը, անվտանգությունն ու երկրների կայունությունը պահպանելու համար՝ ի պատասխան Իրանի հարձակումների», — ասվում է հայտարարությունում։
Արաբական պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն ընդգծել են, որ տարածաշրջանի յուրաքանչյուր երկրի անվտանգությունն անքակտելիորեն կապված է մյուսների անվտանգության հետ։ Խորհրդում նաև կոչ են արել Իրանին անհապաղ դադարեցնել հարձակումները՝ համաշխարհային էներգետիկ շուկաների կայունությունն ապահովելու նպատակով։
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանությունից հետո նրա պարտականությունները ժամանակվորապես կկատարի Այաթոլլա Ալիռեզա Արաֆին, նա ընդգրկվել է Իրանի ղեկավար խորհրդի կազմում, հայտնել է Իրանի քաղաքական նպատակահարմարության որոշման խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Մոհսեն Դեհնավին, հայտնում է Deustche Welle-ն:
67-ամյա Արաֆին համարվում է ազդեցիկ շիա կրոնական գործիչ և նախօրեին զոհված Խամենեիի վստահված անձն էր։ Նա անդամակցել է Սահմանադրության պահապանների խորհրդին, ինչպես նաև ընդգրկված է եղել Փորձագետների խորհրդում, որն ընտրել է Իրանի գերագույն առաջնորդին։
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին փետրվարի 28-ին Թեհրանում զոհվել է ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ օդային գործողության հետևանքով։ Նրա մահվանից հետո երկրի իշխանությունները հայտարարել են 40-օրյա համազգային սուգ։ Խամենեին ավելի քան երեք տասնամյակ ղեկավարել է Իրանը։
Նույն օրը երկիրը կորցրել է նաև բարձրագույն ղեկավարության այլ ներկայացուցիչների, այդ թվում՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմադ Փակպուրին և Խամենեի անվտանգության հարցերով խորհրդական Ալի Շամխանիին։
Իրանի պետական լրատվամիջոցները հայտնել են, որ մինչև նոր գերագույն առաջնորդի ընտրությունը երկրի կառավարումն իրականացվելու է երեք անդամից բաղկացած ժամանակավոր խորհուրդը։ Ալիռեզա Արաֆիից բացի, այդ մարմնում ընդգրկվել են Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և դատական իշխանության ղեկավար Ղոլամ Հոսեյն Մոհսենի-Էջեին։
Ռեզա Փահլավին՝ Իրանի վերջին շահի որդին և արտագաղթում գտնվող իրանական ընդդիմության առավել հայտնի ներկայացուցիչներից մեկը, կրկին հայտարարել է երկրի ղեկավարի դերը ստանձնելու իր հավակնության մասին։
Մարտի 1-ին The Washington Post թերթում հրապարակված հոդվածում նա գրել է. «Շատ իրանցիներ, հաճախ իրենց կյանքը վտանգի ենթարկելով գնդակների տակ, կոչ էին անում ինձ գլխավորել այս անցումը։ Ես խոնարհվում եմ նրանց քաջության առջև և արձագանքել եմ նրանց կոչին»։
Նրա խոսքով՝ առաջիկա ճանապարհը թափանցիկ է լինելու՝ նոր սահմանադրության ընդունում հանրաքվեով, ապա ազատ ընտրություններ միջազգային վերահսկողությամբ։
«Երբ իրանցիները քվեարկեն, անցումային կառավարությունը կլուծարվի», — գրել է նա։
Փահլավին ընդգծել է, որ Իրանը չի կրկնի Իրաքի պատերազմից հետո տեղի ունեցած «սխալները»։
«Չի լինի ինստիտուտների լուծարում, չի լինի իշխանության վակուում, չի լինի քաոս», — խոստացել է նա։
Դոնալդ Թրամփընաև հայտարարել է, որ Խամենեիի մահից հետո կան Իրանի ղեկավարի «երեք շատ լավ թեկնածուներ»։The New York Times-ին տված հարցազրույցումնա չի նշել՝ կոնկրետ ում նկատի ունի։
Սպիտակ տան ղեկավարը նաև նկարագրել է Իրանում իշխանության փոխանցման մի քանի հնարավոր սցենարներ, որոնք, նրա կարծիքով, կարող են իրականացվել։ Տարբերակներից մեկը նա համեմատել է Վենեսուելայում տեղի ունեցած զարգացումների հետ այն բանից հետո, երբ ամերիկյան զինվորականները ձերբակալել են նախագահ Նիկոլաս Մադուրոյին կնոջ հետ և նրանց տեղափոխել Միացյալ Նահանգներ։ Այդ ժամանակ կառավարության անդամների մեծ մասը պահպանել է իր պաշտոնները՝ հայտարարելով Վաշինգտոնի հետ համագործակցելու պատրաստակամության մասին։
«Այն, ինչ մենք արել ենք Վենեսուելայում, կարծում եմ, իդեալական, իդեալական սցենար է։ Բոլորը պահպանել են իրենց պաշտոնները, բացի երկու մարդուց», — ասել է Թրամփը։
Խամենեիի իրավահաջորդին ընտրելու լիազորությունը պատկանում է Փորձագետների ժողովին՝ կազմված 88 աստվածաբանից։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին նախօրեին չի բացառել, որ երկրի նոր ղեկավարն ընտրվելու է մեկ-երկու օրվա ընթացքում։
Արաղչին նաև բացառել է Իրանում ռեժիմի փոփոխությունը Խամենեիի մահից հետո:
«Պետական ինստիտուտները մնում են իրենց տեղերում, և մեզ մոտ գործում են սահմանադրական ընթացակարգեր», — ընդգծել է նա։
CNN-ը, հղում անելով հարցված վերլուծաբաններին, հայտնել է նոր այաթոլլայի պաշտոնի հինգ հավանական թեկնածուների մասին։ Նրանց թվում են զոհված գերագույն առաջնորդի երկրորդ որդին՝ 56-ամյա Մոջթաբա Խամենեին, կրոնական գործիչ և նախկին առաջնորդի վստահելի անձ 67-ամյա Ալիրեզա Արաֆին, ինչպես նաև Իսլամական Հանրապետության հիմնադիր այաթոլլա Ռուհոլլա Խոմեյնիի թոռը՝ Հասան Խոմեյնին և այլք։
Բախումներում 3 ամերիկացի զինծառայող է զոհվել, ևս հինգը ծանր վիրավորվել են, հայտարարել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը, հայտնում է The Times of Israel-ը:
Հրամանատարությունը նաև հերքել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի պնդումները, թե բալիստիկ հրթիռները հարվածել են USS Abraham Lincoln ամերիկյան ավիակրին։
ԱՄՆ պաշտպանության պաշտոնյան Fox News-ին հայտնել է, որ չորս B-2 ռմբակոծիչներ ԱՄՆ-ից կատարել են ուղիղ-հետադարձ թռիչք և «Իրանում ստորգետնյա բալիստիկ հրթիռային օբյեկտների վրա տասնյակ 2000 ֆունտանոց ռումբեր են նետել»։
Իրանի հարավային հատվածում դպրոցի վրա հասցված հարվածի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 160-ը, փոխանցում է Fars գործակալությունը՝ հղում անելով տեղական իշխանություններին։
Իրանի իշխանությունները փետրվարի 28-ին մեղադրել են ԱՄՆ-ին և Իսրայելին Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքային շրջանում գտնվող աղջիկների տարրական դպրոցի վրա հարված իրականացնելու համար։ «Փլատակների մաքրման ավարտից հետո «Շադժարե Թայեբե» դպրոցի փլատակներից դուրս են բերվել նահատակված 165 անձանց մարմինները», նշվում է գործակալության հրապարակման մեջ։
Իրանն իր հերթին լայնածավալ հարվածներ է հասցրել տարածաշրջանում՝ թիրախավորելով ոչ միայն ռազմական բազաները, այլև Պարսից ծոցի քաղաքացիական ենթակառուցվածքները։ Դուբայի, Աբու Դաբիի, Քուվեյթի և Մանամայի օդանավակայանները ենթարկվել են հարձակման։
Գրում է՝Panarmenian.net-ը
