Politics
Արագածավանում աշակերտները դասի չեն գնացել. Փաշինյանն է ժամանելու դպրոց
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ապրիլի 22–ին, մարզեր է մեկնում, օրակարգում դպրոցների բացման միջոցառումներին մասնակցելն է:
Փաշինյանն այսօր կայցելի նաև Արագածոտնի մարզի Թալին խոշորացված համայնքի Արագածավան բնակավայր և ներկա կլինի գյուղի նորակառույց դպրոցի բացմանը:
Ուշագրավ է, որ դպրոցը վաղուց է շահագործման հանձնվել, երեխաները տևական ժամանակ է այնտեղ են դասի գնում, սակայն ընտրություններից առաջ պետք է մարդկանց ցույց տալ, թե ինչ հրաշալի դպրոց է կառուցել կառավարությունը:
Հենց սրանով էլ պայմանավորված երեկ դասապրոցեսը մինչև վերջ չի իրականացվել, աշակերտներին շուտ ուղարկել են տուն, որպեսզի դպրոցը մաքրեն, կարգի բերեն և սպասեն Փաշինյանին:
«Երեկ երեխեքը 1 ժամ են դաս արել, Առատին ժամից հետո հանել, ուղարկել են տուն: Ասացին ուսուցիչներն ասել են՝ Նիկոլն է գալու, շուտ գնացեք, որ սկսեն մաքրել: Իրականում դպրոցի շենքը շատ լավն է, քաղաքում էլ կարող է նման դպրոց չլինի, բայց լավ կլինի, որ վարչապետին ուղեկցեն նաև այն հատվածները, որտեղից անձրևաջրերը կաթում են ու առաստաղը խոնավացել է»,- ասացին գյուղի բնակիչները:
Ի դեպ, գյուղում խոսակցություններ կան, որ Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանը արգելել է բնակիչներին վարչապետի մոտ խնդիրներ բարձրաձայնել, հակառակ դեպքում իր հետ գործ կունենան:
«Անցած շաբաթ Տավրոսն եկել էր Արագածավան, բնակիչների հետ էր հանդիպում ու այդ ժամանակ էլ է ակնարկել, որ ցանկացած խնդրի մասին ոչ թե մարզպետին կամ վարչապետին պետք է ասվի, այլ իրեն կամ իր տեղակալին՝ Գուգոյին, որը մեր Արագածավանից է, բայց Գուգոն հարց լուծող չի, Արագածավանում բոլորն էլ գիտեն: Իսկ գյուղում խնդիրները անթիվ և անհամար են»,- նշեցին բնակիչները, ապա հավելեցին, որ ամեն դեպքում կան բնակիչներ, որ չեն «ենթարկվելու» Սափեյանին և ուղիղ իրենց դժգոհությունը հայտնելու են վարչապետին, այդ թվում՝ համայնքապետարանի թերացումների վերաբերյալ:
Թեև Փաշինյանն օրվա երկրորդ կեսին է լինելու Արագածավանում, իրավապահները առավոտից սկսել են տարածքի պահպանությունը:
