Connect with us

Politics

ԵԽ գլխավոր քարտուղարը՝ ՀՀ-ում ընդդիմադիր գործիչների, ակտիվիստների, հոգևորականների նկատմամբ սահմանափակումների և իրավական գործընթացների մասին

«Ես կուսումնասիրեմ կոնկրետ դեպքերի հանգամանքները հասկանալու` ինչ է պատահել, ինչպես կարելի է ավելի արդյունավետ առաջ գնալ իմ պարտավորությունների շրջանակում՝ որպես ԵԽ գլխավոր քարտուղար»,-Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում ԵԽ գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ հարցուպատասխանի ժամանակ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանի՝ Բաքվում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ հարցին այսպես պատասխանեց Ալեն Բերսեն։ Նշենք, որ Արմեն Գևորգյանը Ալեն Բերսեին մասնավորապես հարցրեց․ «Տարիներ շարունակ ես բարձրացնում եմ հայ ռազմագերիների հարցը, որոնք դեռ պահվում են Բաքվում։ Ի՞նչ կոնկրետ քայլեր է նախաձեռնում Եվրոպայի խորհուրդը ապահովելու նրանց ազատ արձակումը։ Դեռ որքա՞ն է ԵԽ-ն հանդուրժելու այն, որ Ադրբեջանը չի կատարում իր հանձնառությունները՝ ներառյալ ՄԻԵԴ-ի որոշումները։ Որտե՞ղ է նման վարքագծի սահմանը»։ ԵԽ գլխավոր քարտուղարը մինչ կոնկրետ հարցերին պատասխանելը դիմելով Արմեն Գևորգյանին ասաց, որ տեղյակ է այն դժվարությունների մասին,  որոնց Արմեն Գևորգյանը հանդիպել է Ստրասբուրգ այցելելիս․ «Ուրախ եմ, որ Դուք վերջապես կարողացաք մասնակցել Վեհաժողովի աշխատանքներին։ Խորհրդարանականների արդյունավետ մասնակցությունը ԵԽԽՎ-ում կարևոր է ժողովրդավարական երկխոսության ապահովման համար, որը ԵԽ-ն պաշտպանում է»։ Անդրադառնալով ՀՀ-ում կայացած խորհրդարանական ընտրություններին՝ ԵԽ գլխավոր քարտուղարն ասաց․ «Հայաստանում կարևոր իրադարձություն է տեղի ունեցել։ Վերջերս կայացել են խորհրդարանական ընտրությունները։ Կարևոր առաջնահերթություն պետք է լինի պաշտպանել ուժեղ, ժողովրդավարական ինստիտուտները, քաղաքական բազմակարծությունը։ Ընդդիմադիր գործիչների, քաղաքացիական ակտիվիստների, հոգևորականների նկատմամբ իրավական գորրծընթացներն ու սահմանափակումները պետք է իրականացվեն պատշաճ և համաչափ, օրենքի գերակայության շրջանակներում` չխաթարելով ժողովրդավարական մասնակցությունը։ Մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանին ժողովրդավարական դիմակայունության և սահմանադրական բարեփոխումների ճանապարհին, ինչպես նաև ապատեղեկատվության դեմ պայքարում»Անդրադառնալով պատվիրակների՝ Թուրքիայում մարդու իրավունքների խնդիրներին վերաբերող հարցերին՝ Ալեն Բերսեն ասաց․ «Օսման Քավալայի դեպքը խորհրդանշական է։ ՄԻԵԴ որոշումները պետք է կատարվեն։ Մենք Թուրքիայի կառավարության հետ բանակցությունների մեջ ենք։ Թուրքիայում վերջին զարգացումները, որոնք ուղղված են ընդդեմ ընդդիմադիր գործիչների և ընտրական գործընթացներում ներգրավված անձանց՝ ներառյալ տեղական մակարդակում, լուրջ մտահոգություններ են առաջացնում քաղաքական բևեռացման և իրավական անորոշության հետ կապված, ինչպես նաև ժողովրդավարական բանավեճի բացակայության առումով։ Ընդդիմադիր ուժերը պետք է հնարավորություն ունենան գործելու ազատորեն, պետք է հարգվի իրավունքն ու արդարադատությունը։ Միևնույն ժամանակ ուզում եմ ողջունել վերջին դրական շփումները ՀՀ-ի և Թուրքիայի միջև»։

Continue Reading