Politics
ՍԴ դատավորը իր հարցադրման մեջ պնդեց, որ ՌԴ նախագահն ու այլ պաշտոնյաներ հակաքարոզչություն են արել ՀՀ իշխանության դեմ
«Դուք պնդում եք, որ ընտրական գործընթացների ժամանակ հրապարակված գաղտնալսումները բացասաբար են ազդել ընտրողների կամարտահայտության վրա ու ընտրությունների արդյունքների վրա: Երեք ուժերին խնդրում եմ պարզաբանել, թե այդ ընտրություններից առաջ ՌԴ նախագահի և մի շարք այլ պաշտոնյաների խոսքը, որոնք հիմնականում պաշտպանության տակ էին առնում այդ երեք ուժերին, որևէ ազդեցություն կարո՞ղ էր ունենալ ընտրությունների արդյունքների և ընտրողի ազատ կամքի ձևավորման վրա, ու ինչո՞ւ այս գործոնը դուրս է մնացել ձեր դիմումի փաստարկներից»,- այսօր Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանը (լուսանկարում) այս հարցը ուղղեց հունիսի 7-ի ընտրության արդյունքները վիճարկող քաղաքական ուժերին։
«Խնդրում եմ այսուհետ երեք ուժերի նույնացման գործընթացը դադարեցնել, դա տեղավորվում է քաղաքական ուժերից երրորդ անձի քաղաքական պնդումների ներքո: Հակառակ դեպքում խնդրելու եմ քննարկել Սեդա Սաֆարյանի մասնակցության հնարավորությունը այս նոր փաստերի ներքո»,- արձագանքեց ԲՀԿ ներկայացուցիչ Արամ Օրբելյանը: Նա նաև շեշտեց, որ մի քաղաքական ուժ կա, որը ստացել է անվանական աջակցություն, և այդ աջակցությունն օգտագործել է ընտրական գործընթացների մեջ. դա ՔՊ-ն է:
Օրբելյանի այս արձագանքից հետո Սեդա Սաֆարյանը փոշմանեց, իրեն ուղղեց, որ ԲՀԿ-ին չէր վերաբերում, նկատի ուներ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքներին։
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանում այսօր շարունակվում է հունիսի 7-ին կայացած ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշման դեմ 7 կուսակցությունների ներկայացրած դիմումի քննությունը, որով վիճարկվում են խորհրդարանական ընտրությունների արդյունքները։
