Politics
«Օրինական ճանապարհով է ձեռք բերված»․ Գյումրու դպրոցի տնօրեններից մեկի մեքենայից զենք է առգրավվել
Aravot.am- տեղեկություններով, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկներից մեկը սեպտեմբերի 22-ին զեկուցագիր է ներկայացրել առ այն, որ ըստ իր ստացած տեղեկությունների, Գյումրու թիվ 19 դպրոցի տնօրեն Արտակ Մարտիրոսյանը իր մոտ ապօրինի զենք է պահում։ Ստացված տեղեկությունները ստուգելիս՝ այդ օր ժամը 22․00-ի սահմաններում Գյումրու Անի թաղամասի սկզբնամասից ոստիկանության Մուշ բաժին է հրավիրվել Ա․ Մարտիրոսյանը։ Նա հայտնել է, որ իր մեքենայի պահոցում ունի մեկ հատ օդաճնշիչ ատրճանակ՝ իր պահունակով՝ լիցքավորված 13 մետաղյա գնդիկներով, և մեկ հատ «Վոլֆ» գրառմամբ սրվակ։ Արտակ Մարտիրոսյանը ոստիկանությանը հայտնել է, որ օդաճնշիչ ատրճանակը պատկանում է իրեն, գնել է մոտ երկու տարի առաջ Տիգրան Մեծ փողոցում գտնվող զենքի մասնագիտացած խանութից, ունի գնման վկայական։ Հայտնաբերվածն ու կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն։
