Politics
Փաշինյանի մահաբեր խաղաղությունը
Հայաստանում արդեն ամիսներ շարունակ իշխանությունը խոսում է խաղաղության, անվտանգության և բանակի բարեփոխումների մասին, մինչդեռ բանակում ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահերը շարունակում են մտահոգիչ մնալ։
2026 թվականի առաջին ութ ամիսներին, ըստ հրապարակված տվյալների, Զինված ուժերում արձանագրվել է առնվազն 15 զինծառայողի մահ։ Դեպքերի մի մասը տեղի է ունեցել ոչ մարտական պայմաններում, իսկ առանձին դեպքերով քննությունը շարունակվում է։
Միայն օգոստոսին «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՊՆ-ին, հաղորդել էր, որ 2026-ին բանակում արդեն 11 մահ էր արձանագրվել, որից հինգը՝ ժամկետային զինծառայողների շրջանում։ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանն այդ ժամանակ նշել էր, որ մահերի վիճակագրությունը պետք է դիտարկել՝ հաշվի առնելով ծառայության հետ կապված և կապ չունեցող հանգամանքները։
Ու այստեղ առաջանում է ամենացավոտ հարցը․ խաղաղության պայմաններում զինծառայողի մահը ինչո՞ւ է շարունակում դառնալ բանակի առօրյայի մաս։
Հատկապես ուշագրավ է այն, որ մի շարք դեպքեր հանրությանը ներկայացվում են ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու համատեքստում։ Օրինակ՝ ապրիլի 14-ի զինծառայողի մահվան դեպքով Քննչական կոմիտեն քրեական վարույթ էր նախաձեռնել՝ զինծառայողին ինքնասպանության հասցնելու հոդվածով։
Հուլիսի 21-ի մեկ այլ դեպքով էլ սկզբում հաղորդվել էր միայն զինծառայողի մահվան մասին, սակայն հետագայում Քննչական կոմիտեն հայտնել էր, որ երկու զինծառայող կալանավորվել են՝ նրան անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու մեղադրանքով։
Միաժամանակ բոլոր մահերը նույն կերպ ներկայացնելը ճիշտ չէ։ Օգոստոսի 23-ին զինծառայողի մահվան դեպքով, օրինակ, քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հոդվածով, և առերևույթ սպանությունը կատարած անձը ձերբակալվել է։
Այսինքն՝ «խաղաղության» պայմաններում բանակում զինծառայողների մահերի խնդիրը միայն սահմանին կրակոցների բացակայությամբ չի չափվում։ Մարդիկ շարունակում են մահանալ զորամասերում, ծառայության ընթացքում կամ ծառայության հետ առնչվող տարբեր հանգամանքներում, իսկ դրանց մի մասի դեպքում քննությունը հանգում է ինքնասպանության, ինքնասպանության հասցնելու, սպանության կամ այլ վարկածների։
Խնդրի լրջությունը փաստացի ընդունել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Օգոստոսին նա հայտարարել էր, որ բանակում ինքնասպանությունների, ինքնասպանության հասցնելու դեպքերի, սպանությունների և տարբեր պատճառներով զինծառայողների մահերի հարցը կառավարության համար «խորը մտահոգության» առարկա է, և նշել էր, որ անհրաժեշտ են քայլեր այդ խնդիրները լուծելու համար։
Իսկ օգոստոսի 26-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ղեկավարությամբ ՊՆ-ում ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խումբը քննարկել է զինված ուժերում ինքնասպանությունների, սպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների պատճառներն ու նպաստող պայմանները։
Սակայն հարցը շարունակում է մնալ նույնը՝ եթե պատերազմ չկա, եթե իշխանությունը խոսում է խաղաղության դարաշրջանի մասին, ապա ինչո՞ւ են բանակում խաղաղ պայմաններում շարունակում զոհվել զինծառայողներ։
Խաղաղությունը միայն սահմանին կրակոցների բացակայությունը չէ։ Զինծառայողը պետք է անվտանգ լինի նաև այն վայրում, որտեղ պետությունը նրան ուղարկել է ծառայելու։
Ա. Ղազարյան
