Connect with us

Politics

Արթիկում վախի մթնոլորտ է. ՔՊ-ականները անցել են «ավանդական մեթոդների»

Հոկտեմբերի 25-ին Շիրակի մարզի Արթիկ և Ախուրյան համայնքներում ՏԻՄ ընտրություններ են։ Եթե Ախուրյանում ընտրապայքարին մասնակցում է միայն «Քաղաքացիական պայմանագիրը», ապա Արթիկում ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 4 քաղաքական ուժ։

Արթիկում ՔՊ-ի ցուցակը գլխավորում է գործող համայնքապետ Անան Ոսկանյանը, «Ազատ դեմոկրատների» ցուցակը՝ Արթիկի նախկին համայնքապետ Մխիթար Վարագյանը, «Ապրելու երկիր»-ի թեկնածուն Արթուր Աստոյանն է, իսկ «Հայրենիք» կուսակցության ցուցակը գլխավորում է Լևոն Վահրադյանը։

Սակայն, ըստ Factum.am-ի ստացած տեղեկությունների, ընտրություններին ընդառաջ Արթիկում քաղաքական պայքարին զուգահեռ՝ բավական լարված մթնոլորտ է ձևավորվել։

Factum.am-ի տեղեկություններով՝ մինչև ԿԸՀ դիմելու վերջնաժամկետը ճնշումներ են եղել մյուս թեկնածուների նկատմամբ՝ նրանց մասնակցությունը հնարավորինս խոչընդոտելու նպատակով։

Factum.am-ը պարբերաբար ահազանգեր է ստանում նաև այն մասին, որ Արթիկում քաղաքացիների շրջանում վախի մթնոլորտ կա։ Մասնավորապես, ըստ ստացված տեղեկությունների, գործող համայնքապետ Անան Ոսկանյանի մտերիմներից Մերուժան Հարեյանը համայնքի գյուղերում զբաղված է ՔՊ-ի օգտին ձայներ ապահովելու աշխատանքով։

Թե ինչ մեթոդներով է, ըստ ահազանգերի, իրականացվում այդ աշխատանքը, Factum.am-ը շարունակում է ճշտել։

Միաժամանակ Արթիկում շրջանառվում են նաև տարբեր խոսակցություններ քաղաքական ուժերի և թեկնածուների հետագա քայլերի վերաբերյալ։ Մասնավորապես, քաղաքում խոսվում է այն մասին, թե «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակը գլխավորող Արթիկի նախկին համայնքապետ Մխիթար Վարագյանը, որը ներկայումս աշխատանք չունի, կարող է ընտրություններից հետո համագործակցել կամ միանալ ՔՊ-ին։

Այս տեղեկությունը պաշտոնապես հաստատված չէ, և Մխիթար Վարագյանից դրա վերաբերյալ մեկնաբանություն ստանալ Factum.am-ին առայժմ չի հաջողվել։

Ավելին՝ օրերս Oragir.News-ը ևս փորձել էր կապ հաստատել Արթիկի նախկին և գործող համայնքապետերի հետ։ Մխիթար Վարագյանի հեռախոսահամարը լրագրողի ներկայանալու պահին դարձել էր անհասանելի, իսկ ուղարկված հաղորդագրությունները նա կարդացել էր, սակայն չէր պատասխանել։ Անան Ոսկանյանը նույնպես չէր պատասխանել լրագրողի զանգերին։

Այսպիսով, հոկտեմբերի 25-ի ընտրություններից առաջ Արթիկում առնվազն մի բան ակնհայտ է՝ քաղաքական մրցակցության կողքին շրջանառվում են նաև ճնշումների, ձայներ ապահովելու և հնարավոր պայմանավորվածությունների մասին տեղեկություններ, որոնք պահանջում են պատասխանատուների պարզաբանումները։

Factum.am-ը պատրաստ է հրապարակել բոլոր այն անձանց և քաղաքական ուժերի պարզաբանումները, որոնց վերաբերյալ այս նյութում ներկայացված տեղեկությունները վերաբերում են։

Ա. Ղազարյան

Continue Reading