Connect with us

Politics

Նոր շուկաների մասին խոսում են, իսկ Ազատանի գյուղացին կարտոֆիլը չի կարողանում վաճառել

Հայաստանի իշխանությունները պարբերաբար խոսում են գյուղմթերքի արտահանման, նոր շուկաների բացման և արտահանման շուկաների դիվերսիֆիկացման մասին։ Կառավարությունը 2026 թվականին նաև մի շարք արտահանման աջակցության ծրագրեր է ներկայացրել՝ նշելով, որ նպատակը հայկական արտադրանքի համար նոր շուկաներ գտնելն է։

Բայց Շիրակի մարզի Ազատան գյուղում գյուղացու առջև այսօր շատ ավելի պարզ խնդիր է կանգնած՝ ում վաճառել իր արտադրանքը։

Գյուղացիները կարտոֆիլի բերքը հավաքել են, սակայն դրա զգալի մասը շարունակում է մնալ պահեստներում։ Գնորդ գտնելը դժվարացել է, իսկ նոր շուկաների մասին պետական մակարդակով հնչող խոստումները գյուղացու համար դեռ չեն վերածվել կոնկրետ իրացման հնարավորության։

Ամիսներ շարունակ հող մշակելու, սերմացուի, վառելիքի, պարարտանյութի և բերքահավաքի վրա ծախսեր անելուց հետո գյուղացին հիմա սպասում է, որ գոնե կարողանա վաճառել ստացած բերքը։ Սակայն ժամանակն անցնում է, իսկ կարտոֆիլը շարունակում է մնալ պահեստներում։

Խնդիրն այն է, որ գյուղացին չի կարող անվերջ սպասել։ Պահեստավորումն ինքնին ծախս է, իսկ բերքի երկար մնալը նաև փչանալու ռիսկ է ստեղծում։ Արդյունքում որոշ դեպքերում չիրացված կարտոֆիլը կարող է հայտնվել անասնակերի շարքում։

Այս իրավիճակում հատկապես հակասական է հնչում նոր շուկաների մասին խոսույթը։ Մի կողմից՝ պաշտոնական մակարդակով խոսվում է արտահանման շուկաների դիվերսիֆիկացման անհրաժեշտության և այդ ուղղությամբ պետական աջակցության մասին, մյուս կողմից՝ Շիրակի գյուղացին չի կարողանում իր արտադրանքի համար անգամ կայուն գնորդ գտնել։

Գյուղացիների մի մասն էլ հրաժարվում է տեսախցիկի առաջ խոսել։ Պատճառը, նրանց խոսքով, այն է, որ չեն հավատում՝ իրենց խնդրի մասին հերթական բարձրաձայնումը որևէ բան կփոխի։ Նրանք չեն ցանկանում խոսել, որովհետև իրենց համար առաջնային հարցը ոչ թե խնդրի մասին պատմելն է, այլ բերքի գնորդ գտնելը։

Ազատանի գյուղացիների պատմությունը ցույց է տալիս գյուղատնտեսության մեկ այլ կողմը․ միայն բերք արտադրելը բավարար չէ։ Եթե գյուղացին չունի իր արտադրանքը վաճառելու շուկա, ամիսների աշխատանքը կարող է ոչ թե եկամուտ, այլ կորուստ դառնալ։

Իսկ այս պահին Ազատանում այդ ռիսկը իրական է․ կարտոֆիլը կա, պահեստները լցված են, բայց գյուղացիները շուկա չեն գտնում։

Նոր շուկաների մասին խոսքը դեռ չի նշանակում, որ այդ շուկան հասել է գյուղացուն։

Ա. Ղազարյան

Continue Reading