Politics
Մահացել է Բենոն Սևանը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալը և հայկական մշակութային ժառանգության պաշտպանը
Երկուշաբթի մահացել է Բենոն Սևանը՝ ՄԱԿ-ի դիվանագետ և կազմակերպության գլխավոր քարտուղարի նախկին տեղակալը, որը կյանքի զգալի մասը նվիրել է ՄԱԿ-ում ծառայությանը և հայկական մշակութային ժառանգության պահպանմանը։ Սևանը միաժամանակ ներկայացնում էր Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (AGBU), հաղորդում է Cyprus Inform-ը։
Բենոն Սևանը դարձավ ՄԱԿ-ում ամենաբարձր պաշտոնը զբաղեցրած հայը։
AGBU-ում Սևանին անվանել են ականավոր ղեկավար, ուսուցիչ և հայկական ժառանգության անխոնջ պաշտպան՝ նշելով, որ Կիպրոսի մի քանի սերունդ հայերի համար նա գրեթե ընտանիքի անդամ էր դարձել։
«Նրա ջերմ բնավորությունը, սուր միտքը, նվիրվածությունն ու անձնուրաց առատաձեռնությունը սեր և հարգանք էին ներշնչել բոլոր նրանց մեջ, ովքեր բախտ են ունեցել ճանաչելու նրան»,- հայտարարել են կազմակերպությունում։
Սևանը ծնվել է Նիկոսիայում և ավարտել Կիպրոսի AGBU-ի Մելքոնյան կրթական ինստիտուտը։ Այնուհետև նա Նյու Յորքի Կոլումբիա քոլեջում ստացել է պատմության և փիլիսոփայության բակալավրի աստիճան, իսկ ավելի ուշ՝ Կոլումբիայի համալսարանի Միջազգային հարաբերությունների և հանրային կապերի դպրոցում մագիստրոսի աստիճան։
ՄԱԿ-ի քարտուղարությունում Սևանն աշխատանքի է անցել 1965 թվականին։ Տարբեր տարիներին նա կատարել է ՄԱԿ-ի դիտորդի գործառույթներ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի մոտ՝ Արևմտյան Իրիանում ազատ ընտրության ակտի հարցով, որը այդ ժամանակ գտնվում էր ՄԱԿ-ի կառավարման ներքո, աշխատել է նաև մշտական ներկայացուցչի օգնական ՄԱԿ-ի Արևմտյան Իրիանի զարգացման հիմնադրամում։
Սևանը նաև զբաղեցրել է քարտուղարության ավագ աշխատակցի պաշտոնը ՄԱԿ-ի առաքելությունում, որը զբաղվում էր իրանա-իրաքյան հակամարտության ընթացքում ռազմագերիների վիճակի հետաքննությամբ։
1982 թվականից մինչև 1988 թվականի մարտը նա եղել է ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի քարտուղարը, ինչպես նաև զբաղեցրել է կազմակերպության մի շարք միջկառավարական մարմինների և հատուկ համաժողովների քարտուղարի պաշտոնը։
1988 թվականի ապրիլին Սևանը դարձավ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Աֆղանստանում իրավիճակի կարգավորման հարցով ներկայացուցչի տնօրենն ու ավագ քաղաքական խորհրդականը։ 1990 թվականի հունվարին նրան լրացուցիչ հանձնարարվեց կատարել գլխավոր քարտուղարի ներկայացուցչի գործառույթները՝ Աֆղանստանի վերաբերյալ Ժնևյան համաձայնագրերի իրականացման հարցում։
1991 թվականի հունվարին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Խավիեր Պերես դե Կուելյարը Սևանին հանձնարարեց ընդհանուր ղեկավարում իրականացնել ՄԱԿ-ի Աֆղանստանին առնչվող մարդասիրական և տնտեսական օգնության ծրագրերի համակարգման վարչության նկատմամբ։
1992 թվականի հուլիսի 20-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բուտրոս Բուտրոս-Ղալին հայտարարեց Սևանին Նյու Յորքում գտնվող ՄԱԿ-ի կենտրոնակայանի Քաղաքական հարցերի դեպարտամենտում գլխավոր քարտուղարի օգնական նշանակելու մասին։
