Connect with us

Politics

Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի

Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի։ Այս մասին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է ABC News-ի լրագրող Ջոնաթան Կարլին տված հարցազրույցում։ Զելենսկու խոսքով, թե երբ քվեարկել և ում ընտրել, պետք է որոշեն ուկրաինացիները։ «Բայց եթե պատասխանեմ այս հարցին, գիտեմ, որ Պուտինը շատ էր ցանկանում փոխել Ուկրաինայի նախագահին։ Ես դա հասկանում եմ»,- ասել է նա։ «Եվ եթե նախագահ Թրամփն իսկապես ցանկանում է ընտրությունների միջոցով ինչ-որ փոփոխությունների հասնել, ես արդեն քննարկել եմ դա նրա թիմի հետ։ Ուստի, խնդրում եմ, փոխանցեք Պուտինին՝ մեզ երկու ամիս՝ 60 օր դադար տվեք։ Ամբողջական հրադադար՝ 60 օրով, և մենք ընտրություններ կկազմակերպենք։ Իհարկե, պատրաստ կլինենք ընդունելու մեր ժողովրդի ցանկացած ընտրություն՝ հենց ուկրաինացի ժողովրդի ընտրությունը»,- հայտարարել է Զելենսկին։ Նախօրեին Թրամփը լրագրողների հետ զրույցում Ուկրաինային առաջարկել էր «նոր նախագահ ընտրել», որը կկարողանա «գործարք կնքել»։ «Գիտե՞ք՝ ինչ եմ առաջարկում։ Առաջարկում եմ նրանց՝ ուկրաինացիներին, նոր առաջնորդ գտնել, որն ունակ կլինի գործարքներ կնքել։ Չէ՞ որ նա՝ Վոլոդիմիր Զելենսկին, կարող էր բազմաթիվ գործարքներ կնքել, բայց չգիտես ինչու երբեք դա չի անում»,- ասել էր Թրամփը։ Նա նաև քննադատել էր Զելենսկուն՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածներ հասցնելու համար։ Թրամփի խոսքով՝ ԱՄՆ-ը Զելենսկուն ասել էր, որ նա կարող է «Ռուսաստանի հետ անել այն, ինչ ուզում է», սակայն չպետք է հարվածի նավթավերամշակման գործարաններին, քանի որ դա «համաշխարհային խնդիր է»։ Հաջորդ օրը Զելենսկին հայտարարել էր, որ Կիևը կդադարեցնի Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները միայն այն դեպքում, եթե Մոսկվան դադարեցնի հարվածները Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին։

Continue Reading