Politics
«Կամավոր» քարոզարշավ՝ պարտադիր ներկայությամբ․ Արթիկում ուսուցիչներին ներգրավո՞ւմ են ՔՊ-ի միջոցառմանը
Արթիկում նախընտրական քարոզարշավը, ըստ Factum.am-ի տեղեկությունների, ուղեկցվում է նաև դպրոցների ուսուցիչների մասնակցության շուրջ հարցերով։
Այսօր Արթիկում քարոզարշավ է անցկացնում համայնքի գործող ղեկավար, ՔՊ-ի թեկնածու Անան Ոսկանյանը։ Քարոզարշավին մասնակցում է նաև Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը։
Մինչ մարզպետի մասնակցությունը ներկայացվում է որպես կամավոր, ուսուցիչների դեպքում, ըստ մեր աղբյուրների, իրավիճակն այլ է։ Մեզ փոխանցած տեղեկություններով՝ երեկ դպրոցներում ժողովներ են անցկացվել, որոնց ընթացքում տնօրենները հայտնել են, որ ուսուցիչները պետք է ներկա լինեն ՔՊ-ի այսօրվա քարոզարշավին։ Ավելին՝ քաղաքական միջոցառումը ներկայացվել է պարզապես որպես միջոցառում։
«Բոլորի ներկայությունը ցանկալի է, պարտադիր»,- այսպիսի ձևակերպմամբ է, ըստ մեզ փոխանցված տեղեկությունների, ուսուցիչներին դիմել դպրոցներից մեկի տնօրենը։
Այսպիսով՝ հարց է առաջանում՝ Արթիկի դպրոցների աշխատակիցներն այսօր քարոզարշավին մասնակցում են սեփական ցանկությա՞մբ, թե՞ աշխատանքային ենթակայության պայմաններում իրենց փոխանցված պահանջով։
Քաղաքական ուժի քարոզարշավին մասնակցելը պետք է լինի քաղաքացու ազատ ընտրությունը։ Դպրոցների տնօրենների կողմից աշխատակիցներին նման պահանջ ներկայացնելու վերաբերյալ տեղեկությունները, եթե հաստատվեն, մտահոգիչ հարցեր են առաջացնում կրթական հաստատությունների չեզոքության և ուսուցիչների քաղաքական կամարտահայտության ազատության վերաբերյալ։
Factum.am-ը պատրաստ է հրապարակել նաև Անան Ոսկանյանի, Դավիթ Առուշանյանի և Արթիկի դպրոցների պատասխանատուների մեկնաբանությունները։
Ա.Ղազարյան
