Connect with us

Politics

Դեպի ԱՄՆ արտահանվող լամինատե դռների մեջ ՊԵԿ-ը հայտնաբերել է շուրջ 38 հազար տուփ թաքցված ծխախոտ

Պետական եկամուտների կոմիտեն կանխել է Հայաստանից ԱՄՆ խոշոր խմբաքանակով ծխախոտի մաքսանենգ արտահանման փորձը։ ՊԵԿ-ի հաղորդմամբ՝ «Կարգո» բեռնային համալիրում զննման ենթարկված լամինատե դռների մեջ հայտնաբերվել է առանց ակցիզային դրոշմանիշերի 37 հազար 900 տուփ ծխախոտ։ Մաքսային հսկողության ընթացքում պարզվել է, որ դռներից յուրաքանչյուրի քաշը սովորականից երկու անգամ ավելի մեծ է։ Դեպքի վերաբերյալ կազմվել է մաքսային կանոնների խախտման արձանագրություն, նյութերը փոխանցվել են ՊԵԿ իրավաբանական վարչություն։ ՊԵԿ-ի հաղորդագրությունը՝ ստորև․ «Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է հետևողական պայքարը Հայաստանի Հանրապետության պետական սահմանով ապրանքների մաքսանենգ ճանապարհով տեղափոխման դեպքերի բացահայտման ուղղությամբ։ Օրերս ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օդային սահմանի անցման կետերի և էլեկտրոնային առևտրի օպերատիվ հսկողության բաժին տվյալներ էին ստացվել, որ Հայաստանում գրանցված տնտեսվարող սուբյեկտը պատրաստվում է մաքսային հսկողությունից թաքցնելու միջոցով, «Կարգո» բեռնային համալիրով, դեպի ԱՄՆ արտահանել խոշոր խմբաքանակի ծխախոտային արտադրանք։ Իրացնելով օպերատիվ տվյալները՝ հսկողություն է սահմանվել տնտեսվարող սուբյեկտի կողմից արտահանվող բեռների նկատմամբ։ Իրականացվող հսկողության շրջանակում «Կարգո» բեռնային համալիրում մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները մաքսային զննման են ենթարկել ԱՄՆ արտահանվող լամինատե դռները: Այդ դռներից յուրաքանչյուրի քաշը երկու անգամ ավելի մեծ էր, քան նույն նյութից պատրաստված սովորական դռներինը։ Մաքսային զննման ընթացքում կազմաքանդվել են արտահանվող բոլոր դռները: Արդյունքում հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 37․900 տուփ առանց ակցիզային դրոշմանիշերի տարբեր երկրների արտադրության ծխախոտային արտադրանք։ Փաստի առթիվ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրությունը, և նյութերը փոխանցվել են ՊԵԿ իրավաբանական վարչություն։ ՀՀ ՊԵԿ-ը հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին պահպանել մաքսային օրենսդրության պահանջները և զերծ մնալ մաքսային հսկողությունից ապրանքները տեղափոխելու փորձերից»։

Continue Reading