Politics
Ռուսաստանը գրոհել է Կիևի, Խարկովի և Պոլտավայի մարզերը․ զոհեր և վիրավորներ կան
Հոկտեմբերի լույս 21-ի գիշերը ռուսական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Կիևին։ Current time-ի փոխանցմամբ՝ Դեսնյանսկի շրջանում անօդաչուն ընկել է կայանված ավտոմեքենաների վրա, Սոլոմենսկի շրջանում՝ բաց տարածքում, իսկ Սվյատոշինսկի շրջանում՝ 24-հարկանի շենքի 20-րդ հարկի մակարդակին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնել է քաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։
Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի տվյալներով՝ զոհվել է երկու մարդ, որոնցից մեկը՝ Սվյատոշինսկի շրջանում բնակելի շենքին հասցված հարվածի հետևանքով։ Եվս մեկ մարդ տուժել է, նրան բժշկական օգնություն են ցուցաբերում։
Խարկովի մարզում գիշերն անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման է ենթարկվել Կորոտիչ գյուղը։ Զոհվել են 81-ամյա կին և 83-ամյա տղամարդ, հայտնել է Խարկովի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։ Եվս 11 մարդ տուժել է, այդ թվում՝ երկու ամսական տղա և ութամյա աղջիկ։ Նրանք ստացել են բժշկական օգնություն։ Վնասվել է 13 առանձնատուն և մեկ ավտոմեքենա։
Սինեգուբովի տվյալներով՝ վերջին մեկ օրվա ընթացքում Ռուսաստանը հարձակվել է Խարկովի և մարզի ևս 13 բնակավայրերի վրա։
Պոլտավայի մարզի Կրեմենչուգ քաղաքում Ռուսաստանի՝ Միխայիլ Օստրոգրադսկու անվան համալսարանի տարածքին հասցրած հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել ուսումնական մասնաշենքի հինգերորդ հարկում։
Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության նախնական տվյալներով՝ տուժել է երեք մարդ, այդ թվում՝ 16-ամյա դեռահաս, որը հոսպիտալացվել է։ Զապորոժիեի մարզային պետական վարչակազմի ղեկավար Իվան Ֆեդորովը նույնպես հայտնել է, որ Ռուսաստանի՝ Զապորոժիեի և Զապորոժիեի մարզի ուղղությամբ իրականացրած հարձակումների հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս վեցը՝ վիրավորվել։
Հարձակման է ենթարկվել նաև Ումանը, հայտնել է Չերկասիի մարզային վարչակազմի ղեկավար Իգոր Տաբուրեցը։ Ավերվել է առանձնատուն, տուժել է մեկ տղամարդ, որը հրաժարվել է հոսպիտալացումից։ Բացի այդ, անօդաչու թռչող սարքերը հարվածել են հիպերմարկետի շենքին և դրա տարածքին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Մեկ այլ վայրում պայթյունի ալիքի հետևանքով վնասվել է հյուրանոց։
Օդեսայի մարզային պետական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը նույնպես հայտնել է ռուսական անօդաչու թռչող սարքերի հարձակման մասին։ Վնասվել են էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներ և սննդի արդյունաբերության ոլորտում գործող մասնավոր ձեռնարկություն։
Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հաղորդմամբ՝ լույս չորեքշաբթի գիշերը Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա՝ կիրառելով «Իսկանդեր-Կ» թևավոր հրթիռներ և 186 անօդաչու թռչող սարք։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի
