Connect with us

Politics

Գազի գնի բարձրացման արդյունքում ապոկալիպտիկ զարգացումներ կլինեն․ Արթուր Խաչատրյան

Նիկոլ Փաշինյանին չի հաջողվի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանին համոզել՝ սահմանադրական բարեփոխումների օգտին կողմ քվեարկելու․ այս մասին այսօր պատգամավորն ասաց ՀՀ հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում։

Հիշեցնենք, այսօր ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանն ասել էր՝ եթե ընդդիմադիրներին հնարավոր չլինի համոզել, իրենք կգնան արտահերթ ընտրությունների անցկացման սցենարով։

Իսկ արտահերթ ընտրությունների մասին խոսելը, ըստ Արթուր Խաչատրյանի, նշանակում է, որ Փաշինյանն ընդունել է՝ նախորդ ընտրություններում ձախողել է։

Խոսելով Նիկոլ Փաշինյանի մյուս հայտարարության մասին, որ գազի գնի թանկացման դեպքում Հայաստանում ապոկալիպտիկ զարգացումներ չեն լինելու, ինչի մասին ավելի վաղ խոսել էր ԿԲ նախագահը, Արթուր Խաչատրյանն ասաց․ «Նիկոլ Փաշինյանը ձախողեց խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալու հարցում, միգուցե փորձի տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի համար դիմել։ Հասկանալի է չէ՞, որ եթե գազի գինը թանկանա, դա կբերի ընդհանուր սղաճի բարձր մակարդակի, և այստեղ միայն գազի գինը չի: Ռուսաստանից ֆիզիկական անձանց անունով բանկային համակարգի միջոցով այս տարի հունվարից օգոստոս ամիսների ընթացքում մոտ 3 միլիարդ զուտ ներհոսք է տեղի ունեցել։ Հիմա պատկերացրեք՝ դրամական հոսքերը դադարեն, ուղղակի դադարեցվեն Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումները, դոլարի ներհոսքը կնվազի, դրան գումարած գազի գնի բարձրացում․․․ Հասկանում եք, չէ՞, դա ինչ ապոկալիպտիկ իրավիճակ կստեղծի»։

Առհասարակ, Արթուր Խաչատրյանի կարծիքով՝ եթե Նիկոլ Փաշինյանը մի քիչ ավելի շատ բան հասկանար տնտեսագիտությունից, 2018 թվականից կշարունակեր տնտեսության դիվերսիֆիկացիայի քաղաքականությունը․ «Բայց իր օրոք է, որ մեր կախվածությունը ավելի մեծացել է մի գործընկերոջից: Հիմա իրենք ասում են՝ 7% չի, չգիտեմ, 10% է, բայց դա ոչ թե նրանով է գալիս, որ բացարձակ արժեքով ավելի շատ բան է արտահանվել Եվրոպական միություն, ընդհանուր արտաքին առևտուրն է նվազել, իսկ Եվրոպական միություն մենք արդեն, գիտեք, վաճառում ենք ոչ թե, ենթադրենք, ծիրան, այլ պղինձ: Պղնձի միջազգային գները սարսափելի բարձրացել են, և դա է պատճառը, որ մեր արտահանումների գումարը շատ քիչ է նվազել, որ ասում էր՝ «մեր ջանքերի գնով, բայց մենք կարողացանք հասնել այդ մակարդակի․․․Ես չգիտեմ՝ կառավարությունը ինչ ջանքեր է գործադրել, որ պղնձի համաշխարհային գները բարձրանան, մի քիչ պետք է համեստ լինել նաև՝ ճիշտ գնահատելով սեփական կարողությունները»։ Մանրամասները՝ տեսանյութում

Continue Reading