Politics
Առուշանյանի գրառումը հասել է Զախարովային
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը չի ցանկանում մեկնաբանել իր՝ Գյումրու օրվա միջոցառման վերաբերյալ գրառմանն ուղղված ռուսական կողմի քննադատությունը։ Նրա հրապարակմանը նախ արձագանքել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը, ապա՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Հոկտեմբերի 17-ին Գյումրու օրվա միջոցառման շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Դավիթ Առուշանյանը սոցցանցի իր էջում քննադատել էր միջոցառման հովանավոր Սամվել Կարապետյանին՝ գրելով.
«Մի քանի տեսախցիկ, մի քանի մտահոգ դեմք, մի քանի բարձրագոչ նախադասություն՝ «մեր Գյումրու» մասին, և ահա պատրաստ է հերթական քաղաքական ներկայացումը։
Մնում է միայն հանդիսատես գտնել։ Բայց այստեղ մի փոքրիկ անհարմարություն կա՝ Գյումրին ձեր «Նիժնի Տաբորը» չէ, իսկ գյումրեցին՝ ձեր «Իվանը»։
Հ.Գ. Մենք հյուրընկալ ժողովուրդ ենք․ մեր հյուրերը մեր գլխի վրա տեղ ունեն։ Բայց մի՛ փորձեք մեր գլխից բարձր թռչել, բարձրությունից ընկնելը ցավոտ է։
Գաստրոլյորներ, զգույշ եղեք…»։
Մարզպետի գրառման մեջ «Իվանների» հիշատակումը դժգոհություն է առաջացրել ռուսական կողմում։ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը հրապարակային հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ նման ձևակերպումները կարող են ռուսաստանցիների նկատմամբ էթնիկ թշնամանք հրահրել։
Դեսպանատունը, մասնավորապես, նշել է, որ անհասկանալի է մարզպետի հրապարակման մեջ «Իվանների» մասին հիշատակումը՝ ընդգծելով, որ Շիրակի մարզում տեղակայված են ռուսական 102-րդ ռազմակայանը և ռուս սահմանապահները։
Հարցին անդրադարձել է նաև ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա քննադատել է Դավիթ Առուշանյանի ձևակերպումները՝ հիշեցնելով, որ նացիստների կողմից «Իվաններ» կամ «կարմիր Իվաններ» կոչվող խորհրդային զինվորների թվում շուրջ կես միլիոն էթնիկ հայ է եղել։ Զախարովան հիշատակել է նաև հայազգի հայտնի գործիչներ մարշալ Բաղրամյանին, Հովհաննես Այվազովսկուն, Թևոսյանին և Իսակովին։
Ռուսական կողմի հայտարարություններից հետո փորձել ենք մեկնաբանություն ստանալ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանից՝ պարզելու, թե նա ինչ դիրքորոշում ունի իր հասցեին հնչած քննադատության վերաբերյալ։ Մարզպետը, սակայն, հրաժարվել է մեկնաբանել թեման։
Նշենք, որ Ռուսաստանի դեսպանատան և ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչի հայտարարությունները չեն նշանակում, որ Դավիթ Առուշանյանի նկատմամբ Ռուսաստանի մուտքի արգելք է սահմանվել։ Այս պահին նման որոշման մասին հաստատված տեղեկություն չկա։
Ավելի վաղ Ռուսաստանի մուտքի արգելքների մասին հրապարակումներ են եղել նաև հայաստանյան այլ պաշտոնյաների և քաղաքական գործիչների վերաբերյալ։ Մասնավորապես, հաղորդվել է Արթիկի համայնքապետ Անանիկ Ոսկանյանի՝ ՌԴ մուտքի 50 տարվա արգելքի, ինչպես նաև ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի նկատմամբ նման սահմանափակման մասին։
Դավիթ Առուշանյանի պարագայում, սակայն, ՌԴ մուտքի արգելքի վերաբերյալ հաստատված տեղեկություն չկա։
Ա. Ղազարյան
