Politics
Գյուղացին հողն ու անասունը թողնում է․ Շիրակում գյուղատնտեսությունը անկում է ապրում
Շիրակի մարզի գյուղերում գյուղատնտեսությամբ զբաղվելն աստիճանաբար դառնում է ոչ թե ապրուստի միջոց, այլ ֆինանսական ու կազմակերպչական խնդիրների անվերջ շղթա։ Գյուղացիները դժգոհում են՝ իրենց ամիսների աշխատանքը հաճախ չի ապահովում անգամ ներդրած գումարի վերադարձը։ Գյուղմթերքի իրացման խնդիր, անասնակերի թանկություն, անասնապահության ծախսեր ու սպանդանոցների բացակայություն․ այս պայմաններում մարդիկ այլևս չեն ցանկանում զբաղվել ո՛չ հողագործությամբ, ո՛չ անասնապահությամբ։
Շիրակի մարզի գյուղատնտեսության անկումն արդեն արտահայտվում է նաև անասնագլխաքանակի նվազմամբ։ Եթե նախկինում գյուղական ընտանիքների համար մի քանի գլուխ անասուն պահելը սովորական զբաղմունք էր, ապա այսօր շատերը ստիպված են կրճատել տնտեսությունը կամ ընդհանրապես հրաժարվել անասնապահությունից։
Գյուղացիների համար խնդիրը միայն անասուն պահելը չէ։ Նախ պետք է կարողանան կերակրել սեփական կենդանիներին, ապա՝ գտնել դրանց մթերքն իրացնելու ճանապարհը։ Իսկ երբ արտադրանքը չի վաճառվում կամ վաճառվում է ինքնարժեքից ցածր գնով, անասնապահությունը վերածվում է վնասաբեր աշխատանքի։
Շիրակի մարզի գյուղատնտեսական տնտեսությունների համար հողագործությունը ևս աստիճանաբար կորցնում է իր գրավչությունը։ Գյուղացիները ստիպված են գումար ծախսել սերմացուի, պարարտանյութի, վառելիքի և մշակման աշխատանքների վրա, սակայն բերքը հավաքելուց հետո հաճախ բախվում են իրացման խնդրին։
Արտադրանքի շուկայական գինը միշտ չէ, որ ծածկում է դրա արտադրության համար կատարված ծախսերը։ Արդյունքում գյուղացին կանգնում է ընտրության առաջ՝ շարունակե՞լ մշակել հողը՝ վտանգելով սեփական ֆինանսական վիճակը, թե՞ թողնել այն անմշակ։
Գյուղատնտեսության անկումը միայն անասնապահությամբ չի սահմանափակվում, այլ վերաբերում է նաև հողագործությանը։
Անասնապահությունը ևս ծախսատար է և ոչ շահավետ։
Անասնապահությամբ զբաղվելու համար գյուղացին նախ պետք է ապահովի կենդանիների կերը։ Շիրակի մարզի գյուղերում, որտեղ ձմեռները երկար են ու ցուրտ, անասնակերի պաշար ունենալը կենսական նշանակություն ունի։
Սակայն կերի ձեռքբերումը կամ սեփական հողերից անհրաժեշտ քանակությամբ խոտի ու այլ անասնակերի ստացումը ևս ծախսեր է պահանջում։ Գյուղացին հաճախ ստիպված է լինում կրճատել անասունների գլխաքանակը, քանի որ չի կարողանում ապահովել դրանց պահման համար անհրաժեշտ պայմանները։
Այս պայմաններում անասնապահությունը դառնում է ոչ թե եկամտի աղբյուր, այլ լրացուցիչ բեռ։
Ա. Ղազարյան
