Uncategorized
Գյումրիում 2465 տնակ կա, իսկ Փաշինյանն արդեն խոսում է 2031-ից․ ի՞նչ եղավ 2027-ի խոստումը
Գյումրիին տնակներից ազատելու համար կառավարության սահմանած վերջնաժամկետին ամիսներ են մնացել, սակայն քաղաքում դեռ հաշվառված է 2465 ոչ հիմնական շինություն։ Մինչև 2027 թվականը տնակային խնդիրը լուծելու պարտավորություն ստանձնած իշխանություններն այժմ արդեն խոսում են 2031 թվականի մասին։ Ստացվում է՝ երկրաշարժից շուրջ չորս տասնամյակ անց էլ Գյումրիի հազարավոր բնակիչների բնակարանային խնդրի լուծման համար հստակ ժամկետ չկա։2026 թվականի նախընտրական քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը Գյումրիում տնակում ապրող կնոջ հետ զրույցում հայտարարել է. «2031 թվին պտի Գյումրիում դոմիկ չլնի»։ Մինչդեռ կառավարության 2022 թվականի որոշմամբ նախատեսված էր մինչև 2027 թվականը քաղաքն ազատել տնակներից։Փաշինյանի հայտարարությունից հետո, սակայն, հանրության համար անպատասխան են մնում մի շարք հարցեր՝ ինչո՞ւ չի կատարվում նախկինում ստանձնած պարտավորությունը, ի՞նչ արդյունք են տվել տարիների ընթացքում իրականացված ծրագրերը, և ի՞նչ հիմքով է խնդրի լուծման նոր ժամկետ սահմանվում։Կառավարության հրապարակած տվյալների համաձայն՝ 2026 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Գյումրիում հաշվառված է եղել 2465 տնակ։ 2021 թվականի դեկտեմբերի 7-ի դրությամբ դրանց թիվը 2776 էր։ Այսինքն՝ մոտ չորսուկես տարվա ընթացքում հաշվառված ոչ հիմնական շինությունների քանակը նվազել է 311-ով։ Ընդ որում՝ միայն վերջին երեք տարում ապամոնտաժվել է 183 տնակ։Թեև թվերը որոշակի նվազում են արձանագրում, խնդրի մասշտաբը շարունակում է մնալ մեծ։ Ավելին՝ հաշվառված տնակների մի մասը բնակեցված չէ, կան նաև ընտանիքներ, որոնք բնակարան ստանալուց հետո չեն ապամոնտաժել նախկին կացարանը։Գյումրիի բնակարանային ճգնաժամի հիմքում 1988 թվականի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժն է։ Աղետի հետևանքով քաղաքում 20 հազար 700 բնակարան քանդվել է կամ դարձել բնակության համար ոչ պիտանի։ Դրան հաջորդած տարիներին բնակարանային խնդրի լուծման համար իրականացվել են տարբեր ծրագրեր՝ պետական, միջազգային և բարեգործական միջոցներով։Մասնավորապես, «Լինսի» հիմնադրամի միջոցներով 2001-2003 թվականներին Գյումրիում կառուցվել է 2531 բնակարան։ «Գլենդել Հիլզ» ընկերության ծրագրով 2010-2012 թվականներին շահագործման է հանձնվել ևս 2812 բնակարան։ Բացի այդ, բնակարանի գնման վկայագրերի ծրագրով 2000-2004 թվականներին Գյումրիում բնակարան է ձեռք բերել 4091 ընտանիք։Բնակարանաշինական ծրագրերը շարունակվել են նաև հետագա տարիներին։ 2024 թվականի հունիսին «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ և Հայ առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի աջակցությամբ Գյումրիի «Մուշ-2» թաղամասում շահագործման է հանձնվել երկու բազմաբնակարան շենք՝ 50 բնակարանով։ Բնակարանները նախատեսված էին ինչպես երկրաշարժից տուժած ընտանիքների, այնպես էլ 44-օրյա պատերազմում զոհված և հաշմանդամություն ունեցող զինծառայողների ընտանիքների համար։Սակայն իրականացված բնակարանաշինական ծրագրերի ծավալը դեռ չի նշանակում, որ քաղաքի անօթևանության խնդիրը լուծված է։ Այսօր էլ տնակներում ապրող բազմաթիվ ընտանիքներ սպասում են բնակարանային հարցի կարգավորմանը։Խնդրի լուծման մեկ այլ բարդություն ընտանիքների տարբեր իրավական կարգավիճակներն են։ Կառավարության ներկայացրած տվյալներով՝ տնակներում բնակվող շուրջ 596 ընտանիքի նկատմամբ պետությունն ունի փոխհատուցման այս կամ այն ձևով պարտավորություն։ Այս թիվը վերաբերում է փոխհատուցման պարտավորություն ունեցող ընտանիքներին և ոչ թե Գյումրիի բոլոր տնակաբնակներին։Հուլիսի 7-ին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել է նաև փոխհատուցման տրամադրման և տնակների փաստացի ապամոնտաժման գործընթացները փոխկապակցող մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը։Այսինքն՝ նույնիսկ 2026 թվականի հուլիսին, երբ կառավարության սահմանած վերջնաժամկետին մնացել էր ընդամենը մի քանի ամիս, իշխանությունները դեռ քննարկում էին խնդրի կարգավորման գործնական մեխանիզմները։Գյումրիի տնակային խնդիրը միայն բնակարանների կառուցման թվերի մասին չէ։ Այն նաև պետության ստանձնած պարտավորությունների կատարման, ընտանիքների բնակության արժանապատիվ պայմանների ապահովման և տասնամյակներով ձգվող անորոշության մասին է։Եթե կառավարությունը մինչև 2027 թվականը չի կարողանում իրականացնել իր իսկ սահմանած նպատակը, ապա 2031 թվականի մասին հայտարարությունը պետք է ուղեկցվի հստակ ծրագրով։ Հանրությունը պետք է իմանա՝ քանի ընտանիքի բնակարանային հարց է լուծվելու պետական միջոցներով, որքան գումար է նախատեսվում հատկացնել, ինչ փուլերով է իրականացվելու ծրագիրը և, ամենակարևորը, ինչ երաշխիք կա, որ հերթական վերջնաժամկետը նույնպես չի հետաձգվի։Առայժմ փաստն այն է, որ երկրաշարժից տասնամյակներ անց Գյումրիում դեռ 2465 տնակ կա, իսկ քաղաքը տնակներից ազատելու խոստման փոխարեն ստացել է նոր՝ 2031 թվականի հորիզոնը։
Ա. Ղազարյան
