Connect with us

Uncategorized

«Նանե» երգի թատրոն-ստուդիա. Գյումրիից մինչև մեծ բեմեր

«Նանե» երգի թատրոն-ստուդիայի ստեղծման գաղափարը ծնվեց Գյումրիում տաղանդավոր երեխաների բեմական առաջխաղացման և որպես արտիստ կայանալու հնարավորությունների պակասից։ Հիմնադրման հիմնական նպատակն էր ստեղծել միջավայր, որտեղ երեխան ոչ միայն կսովորի երգել, այլև կզարգացնի բեմական մշակույթը, արտիստիզմն ու ինքնավստահությունը՝ մեծ բեմերում ներկայանալու հնարավորությամբ։ Ստուդիայի գլխավոր առաքելությունն է բացահայտել տաղանդները, զարգացնել նրանց ներուժը և օգնել փոքրիկ կատարողներին կայանալ որպես իսկական արտիստներ։Ստուդիայի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ երեխաները հնարավորություն ունեն միաժամանակ ուսումնասիրելու վոկալ և թատերական արվեստը՝ զարգացնելով իրենց երաժշտական, դերասանական և բեմական կարողությունները։ Սաները մասնակցում են համերգների, մրցույթների, փառատոնների, երաժշտաթատերական ներկայացումների, ինչպես նաև ֆիլմերի նկարահանումների՝ ձեռք բերելով բեմական և տեսախցիկի առջև աշխատելու արժեքավոր փորձ։Կարճ ժամանակահատվածում «Նանե»-ի սաներն արդեն հասցրել են մասնակցել բազմաթիվ համերգների ու փառատոնների և արժանանալ պատվոգրերի։ Նրանք ելույթ են ունեցել Gyurjinyan production-ի «Ազգային պարգևատրման արարողությանը», Երևանում Անկախության տոնին նվիրված «Harmony contest» համերգին, նկարահանվում են ռեժիսոր Գոռ Կիրակոսյանի հեղինակային գեղարվեստական ֆիլմում, աշխատել են ՀՀ վաստակավոր արտիստ Հրանտ Թոխատյանի հետ, ինչպես նաև թողարկել են իրենց առաջին տեսահոլովակը։ Այս պահին ստուդիայում արդեն ընթանում են «Աստերիքսն ու Օբելիքսը, կախարդական երգի գաղտնիքը» նոր երաժշտական ներկայացման փորձերը։Առաջիկայում նախատեսված են մասնակցություն մի քանի փառատոնների, երաժշտական ներկայացում, ամանորյա համերգներ և տեսահոլովակների նկարահանումներ։ Ամենապատասխանատու իրադարձություններից է ելույթը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի բեմում։ Սա ոչ միայն կարևոր ձեռքբերում է ստուդիայի համար, այլև մեծ քայլ երեխաների արտիստական կայացման ճանապարհին, քանի որ «Նանե»-ն ստեղծվել է հենց այն նպատակով, որ մարզի տաղանդավոր երեխաների համար մեծ բեմերը դառնան հասանելի։Ամենամեծ փոփոխությունը, որ նկատվում է սաների մոտ, ինքնավստահության աճն է։ Սկզբում ամաչկոտ երեխաները ժամանակի ընթացքում դառնում են ավելի ազատ, նախաձեռնող և համարձակ, զարգանում են նրանց բեմական պահվածքը, հաղորդակցման հմտություններն ու ինքնադրսևորման կարողությունները։ Ստուդիայի համար ամենամեծ ձեռքբերումն այն է, երբ երեխան սկսում է հավատալ սեփական ուժերին, հաղթահարում է բեմի վախը և հաճույք ստանում ելույթից։Նման մասշտաբային նախագծերի իրականացումը պահանջում է թե՛ ֆինանսական, թե՛ կազմակերպչական լուրջ ռեսուրսներ։ Այս ամենի հիմքում ընկած են մեծ նվիրումը, համառ աշխատանքն ու ծնողների վստահությունը։ Չնայած տեղական բազմաթիվ բիզնեսների մերժումներին՝ նախագծին աջակցել է Արմավիրում գործող «Գողթան» ռեստորանը, որի տնօրինությանը ստուդիան հայտնում է իր խորին շնորհակալությունը։ Այսօր «Նանե» երգի թատրոն-ստուդիան ունի երկու մասնաճյուղ՝ Գյումրու Մուշ և Անուշավան թաղամասերում։ Ստուդիան իր խորին երախտագիտությունն է հայտնում այն գործընկեր հասարակական կազմակերպություններին, որոնք անհատույց տրամադրել են համապատասխան տարածքները՝ նպաստելով ստեղծագործական միջավայրի կայացմանն ու ստուդիայի գործունեությանը։ Ստուդիայի հիմնադրի համար հովանավորությունը պարզապես ֆինանսական աջակցություն չէ, այլ ներդրում երեխաների ապագայի, քաղաքի մշակութային կյանքի և վաղվա արտիստների կայացման գործում։

Արամ Դավթյան

Continue Reading