Connect with us

Politics

ՉՊԱՏԵՐԱԶՄԸ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՉԷ

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբինյան Ռուբենի ասելով, Քոչարյանին ու երկու օլիգարխներին չպետք է թույլ տանք որոշելու մեր երկրի ճակատագիրը: Փաստորեն, Արցախյան 1-ին պատերազմի հաղթանակն ապահոված մարդկանցից մեկին սրանք դեմ են: Բայց կողմ են 2-րդ պատերազմի պարտության խորհրդանիշ անձին: Հայաստանում զրոյից միլիոնատեր դարձած մարդուն, ով գումարներ է ներդրել տնտեսության մեջ, դեմ են: Բայց կողմ են պետական պարտքը կրկնապատկած անձին: Ռուսաստանում հարստացած ու Հայաստանում բիզնես գործունեություն ու բարեգործություն ծավալած մարդուն դեմ են: Բայց կողմ են պետական բյուջեն իշխանություն ունեցող անձանց՝ նախարար, փոխնախարար և այլն, հատկացվող բարձր աշխատավարձերի ու պարգևատրումների վրա վատնած անձին: 
Այն անձին, ով միաժամանակ չպատերազմի իրավիճակ է նվեր ստացել արտաքին թշնամու կողմից: Ինչն իշխանության կողմից մատուցվում է որպես հաստատված խաղաղություն: Պարզ չէ՞, որ Քոչարյանին ու երկու օլիգարխներին դեմ լինելու միակ պատճառն այն է, որ Ռուբինյանը ևս վայելում է արտոնյալ լինելու բավականությունը: «Քոչարյանի ու 2 օլիգարխի թիմակիցները ոչ մի կերպ չեն ասում, որ իրենց իշխանության գալու դեպքում ստորագրելու են խաղաղության պայմանագիրը»,- ասում է Ռուբինյանը: Իհարկե, չեն ստորագրելու չպատերազմը, որպես խաղաղություն, իր առաջնորդի կողմից ժողովրդին վաճառվող թղթի կտորը: Ընդդիմությունը ձգտում է իշխանափոխության՝ ինչը մեր պարագայում ոչ միայն նորմալ է, այլև կենսական անհրաժեշտություն: Այդ դեպքում ինչո՞ւ պետք է ընդունելի համարի Նիկոլի կողմից գեներացված պարտվողական քաղաքականությունը: Դժվարանում եմ ասել՝ Ռուբինյանն ընկալում է, թե ոչ, տվյալ հարցի առումով ընդդիմության դիրքորոշումը: 

Ինչ մնում է Հայաստանի անկախությունը վերացնել նախատեսող, ըստ Ռուբինյանի, Դաշնակցության 004 շրջաբերականին, ներկայացնեմ դրա 16-րդ կետը. «Աշխատանք տանել, որպեսզի հավանական միության ձևավորման դեպքում Արցախի ու Հայաստանի ճակատագրերը լուծվեն որպես մեկ ամբողջություն» (https://www.aniarc.am/2024/08/27/armenia-russia-004-arfd-2022/): Ո՛չ ես եմ դաշնակցական և ո՛չ էլ Ռուբինյանը, բայց ոնց հասկանում եմ, վերջինս տեքստ ընկալելու հետ խնդիրներ ունի: Որովհետև մեջբերված հատվածից երևում է, որ կուսակցությունը չէր նախատեսում վերացնել Հայաստանի անկախությունը: Այլ ցանկանում էր Արցախը պահպանել հայկական ու ՀՀ-ի հետ որպես մի ամբողջություն: Իսկ ինչ վերաբերում է Գյումրիում բոլշևիկների հետ անցյալ տարի կոալիցիա կազմելուն, ապա չարիքի իշխանության վերացման նպատակով կարելի էր կոալիցիա կազմել նույնիսկ վաղուց գոյություն չունեցող բոլշիկների հետ:

Չեմ կարող չանդրադառնալ նաև նույն թեմայով մեկ այլ նիկոլական, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Չախոյան Տարոնի սոցցանցային գրառմանը: Որում վերջինս պնդում է, թե «Հայաստանը չի լինելու Քոչարյանի ու օլիգարխների գրպանային պետություն»: Իհարկե, Չախոյանին ձեռ է տալիս, որ Հայաստանը շարունակի լինել պետական պարտքը կրկնապատկող, պարտության խորհրդանիշ, թշնամու ստորացումները լուռումունջ տանող իր առաջնորդի գրպանային պետությունը: Որովհետև միայն այդ դեպքում ինքը կարող է իր գործընկերների հետ բարձր աշխատավարձ ու պարգևավճարներ ստանալ՝ պետբյուջեի հերն անիծելով: Ու իրեն վատ չզգալ՝ երբ իր առաջնորդը թոշակառուներին 10 հազար դրամը ծախսելու ուղիներ էր հուշում: Կամ, ավելի ճիշտ, այդ գումարը ծախսելու ուղիները սխալ հանում:

Continue Reading
Click to comment

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով