Connect with us

Tech

Պարտատոմսեր էկոհամակարգի համար. UATE-ն որոշեց տեխնոլոգիաների զարգացումը ֆինանսավորել «մեծավարի»

Երբ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ/UATE) հայտարարեց իր դուստր ձեռնարկության կողմից պարտատոմսերի թողարկման մասին, ոլորտի շատ ներկայացուցիչներ սկզբում դա ընկալեցին որպես էկզոտիկա։ Հասարակական կազմակերպություն՝ և հանկարծ ֆիքսված եկամտաբերությամբ արժեթղթեր։ Սակայն այս քայլի ետևում կանգնած է ոչ թե մեկանգամյա ֆինանսական գործարք, այլ արդյունք այն խորքային տրանսֆորմացիայի, որով UATE-ն անցնում է վերջին մի քանի տարիներին։

«Սա միայն հանուն փողի գործընթաց չէ,,— ասում է միության գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը,— սա կայունության, անկախության և այն ամենի մասշտաբավորման հնարավորության մասին է, ինչ իսկապես աշխատում է»։

Աճ, որը չի տեղավորվում «ոչ առևտրային» տրամաբանության մեջ

Վերջին 2,5–3 տարվա ընթացքում UATE-ն արմատապես փոխվել է։ Միության անդամների թիվն աճել է 270%-ով, անդամավճարները՝ կառուցվածքի վերանայումից հետո, ավելացել են չորս անգամ, իսկ ընդհանուր բյուջեն կրկնապատկվել է։ Զուգահեռաբար, «Արմաթ» կրթական ծրագիրը, որը վաղուց դարձել է հայկական տեխնոլոգիական էկոհամակարգի այցեքարտը, շարունակում է արդյունքներ տալ. հայկական լաբորատորիաների սաները կանոնավոր դառնում են միջազգային օլիմպիադաների հաղթողներ։

Կազմակերպության ներքին փոփոխությունները պակաս նշանակալի չէին, քան արտաքին։ «Նոր մարդը, գալով UATE, սկզբում գլուխը կորցնում է քաոսից,— խոստովանում է Կարապետյանը,— բայց եթե նա կարողանում է այդ քաոսի մեջ հնարավորություններ տեսնել, սկսում է աճել կազմակերպության հետ միասին»։

Նրա խոսքով՝ տրանսֆորմացիան ընդգրկել է ամեն ինչ՝ գրասենյակի կառավարման սկզբունքներից ու թիմի ընտրությունից մինչև թվայնացում և ներքին գործընթացների օպտիմալացում։ Հենց այս ներքին «վերակառուցումն» էլ թույլ տվեց միությանը ձեռնարկել մի քայլ, որը Հայաստանում նախկինում ոչ ոք չէր արել։

Նախադեպ. պարտատոմսեր հասարակական կազմակերպության համար

2025 թվականի վերջին UATE-ի «UITE Expo» դուստր ձեռնարկությունը թողարկեց 1,5 միլիարդ դրամի պարտատոմսեր՝ տարեկան 13% ֆիքսված եկամտաբերությամբ և երեք տարի ժամկետով։ Սա առաջին դեպքն է Հայաստանում, երբ հասարակական կազմակերպությունը փաստացի օգտագործում է շուկայական ներդրումային գործիքն իր կանոնադրական նպատակներին հասնելու համար։

«Մենք սկսեցինք խոսել այս մասին դեռ նախորդ տարվա վերջին,— պատմում է Կարապետյանը։— Սկզբում գնացինք փոխարկելի փոխառությունների (convertible note) ճանապարհով։ Սա ընդհանրապես նոր գործիք է Հայաստանի համար. փոխարկելի փոխառությունների մասին օրենքն ուժի մեջ է մտել միայն անցյալ տարի, և մենք ինքներս մասնակցել ենք դրա մշակմանը՝ կառավարությանը կից աշխատանքային խմբում»։

Սկզբում հենց Կարապետյանն ինքն էլ  էր թերահավատորեն վերաբերվում այս գործիքին։ «Կարծում էի, որ ստարտափները մեզ մոտ դրանից չեն օգտվի։ Պարզվեց՝ օգտվում են։ Եվ մենք ինքներս դարձանք առաջիններից մեկը, թեև մի փոքր այլ ձևաչափով»,— ասում է նա։

Ինչո՞ւ դա աշխատեց

Փոխարկելի փոխառությունները թույլ տվեցին միջոցներ ներգրավել նախապես, իսկ հետո դրանք ավտոմատ կերպով փոխարկել պարտատոմսերի՝ նախապես պայմանավորված պայմաններով։ Զարգացած շուկաների համար սա վաղուց ընդունված մեխանիզմ է, Հայաստանի համար՝ գրեթե հեղափոխություն։

Պահանջարկն սպասվածից բարձր էր, և պարտատոմսերի տեղաբաշխման ժամկետը ստիպված եղան երկարաձգել մինչև 2026 թվականի փետրվարի 20-ը։ Մեկ պարտատոմսի անվանական արժեքը 10 հազար դրամ է, արժեկտրոնը վճարվում է տարեկան մեկ անգամ, իսկ մարումը նախատեսված է 2029 թվականի հունվարին։ Թողարկումը երաշխավորված է հենց UATE-ի կողմից, ինչն էլ ավելի է բարձրացնում ներդրողների վստահությունը։

Սակայն հիմնական հարցը թվերի մեջ չէ։ «Օգնելով Հայաստանի ՏՏ ընկերություններին աճել՝ մենք ինքներս ավելի արագ ենք աճում,— ընդգծել է Կարապետյանը։— Մենք հասկացանք, որ էկոհամակարգին աջակցելը կարող է լինել ուժի աղբյուր, այլ ոչ թե միայն ծախսային հոդված»։

Փող, որը շահույթի համար չէ

UATE-ի սկզբունքային դիրքորոշումը ֆինանսական անկախությունն է։ Միության եկամտի հիմնական աղբյուրները անդամավճարներն ու սեփական նախագծերն են, առաջին հերթին՝ DigiTec-ը՝ տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական իրադարձությունը։ Ստացված միջոցները վերաներդրվում են այնտեղ, որտեղ զուտ առևտրային մոդելը չի աշխատում՝ անվճար տեխնոլոգիական կրթության, ենթակառուցվածքների, երկարաժամկետ նախաձեռնությունների մեջ։

«Համոզված եմ. եթե խնդիրը հնարավոր է լուծել շահութաբեր բիզնես մոդելի միջոցով, այն չպետք է փորձել լուծել նվիրատվությունների հաշվին,— ասում է Կարապետյանը։— Նվիրատվությունները միշտ սահմանափակ են։ Իսկ ներդրումներն ու շուկայական մեխանիզմները բոլորովին այլ մասշտաբ են տալիս»։

Պարտատոմսերից ստացված միջոցներն ուղղվում են DigiTec-ի զարգացմանը, «Արմաթ» լաբորատորիաների ցանցի աջակցմանը, UATE PowerHouse նախագծի գործարկմանը (քովորքինգների և գրասենյակային տարածքների կլաստեր) և միջազգային հարթակներում հայկական տեխնոլոգիական էկոհամակարգի դիրքերի ամրապնդմանը։

Ազդակ ամբողջ ոլորտի համար

UATE-ի դուստր ձեռնարկության կողմից պարտատոմսերի թողարկումը պարտատոմսերի թողարկումը պետք է յուրօրինակ ազդակ դառնա Հայաստանի ողջ հասարակական սեկտորի համար. ժամանակակից ֆինանսական գործիքները տաբու չեն և միայն կորպորացիաների արտոնությունը չեն։

«Նորարարությունները միայն նոր չիպի կամ ծրագրային ապահովման տեսքով չեն լինում,— եզրափակում է Կարապետյանը։— Դրանք լինում են նաև ֆինանսական։ Երբեմն բավական է պարզապես դուրս գալ սովորականի սահմաններից»։

Դատելով շուկայի արձագանքից՝ այդ «դուրս գալը» ժամանակին էր։ Եվ, հնարավոր է, սա նոր էջ բացեց ոչ միայն UATE-ի, այլև Հայաստանում հանրային նշանակության նախագծերի ֆինանսավորման ողջ տրամաբանության համար։

Continue Reading
Click to comment

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով