Politics
Երևանյան գագաթնաժողովի ռnւuատյաց մթնոլորտը ազդել է Զելենսկու վրա. Զախարովա
Երևանյան գագաթնաժողովի ռուսատյաց մթնոլորտը ազդել է Զելենսկու վրա։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հաղթանակի օրը զինադադար հաստատելու Ռուսաստանի նախաձեռնությունը, որին, ի դեպ, ակտիվորեն աջակցել է ԱՄՆ նախագահ Թրամփը ապրիլի 29-ին Ռուսաստանի նախագահ հետ հեռախոսազրույցի ընթացքում, նյարդային, հիստերիկ արձագանք է առաջացրել Բանկովայում»,- նշել է դիվանագետը։
Ինչպես մատնանշել է Զախարովան, Վլադիմիր Զելենսկին անփութորեն փորձել է նվազեցնել տվյալ նախաձեռնության նշանակությունը, իսկ հետո սկսել է ակնարկել Կարմիր հրապարակում շքերթի ուղղությամբ անօդաչու թռչող սարքերով հնարավոր հարվածների մասին։
«Ընդ որում, նրան բառացիորեն հունից հանում էր ֆաշիզմի դեմ հաղթանակի կապակցությամբ Մոսկվայում կայանալիք ցանկացած միջոցառման հիշատակումը։ Ակնհայտ է, որ իր ազդեցությունն էր թողել մայիսի 4-ին Երևանում կայացած այսպես կոչված եվրոպական քաղաքական համայնքի, այսպես կոչված գագաթնաժողովի ռուսատյաց մթնոլորտը, որին նա մասնակցել էր հայկական կողմի հրավերով, և որի ամբիոնից հնչեցին այս, ըստ էության, ահաբեկչական նացիստական սպառնալիքները»,- հավելել է նա։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի ՊՆ-ն մայիսի 8-9-ը զինադադար է հայտարարել՝ ի պատիվ Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի Հաղթանակի տոնակատարության։ Ինչպես հայտարարել են գերատեսչությունում, ՌԴ-ն ակնկալում է, որ ուկրաինական կողմը կհետևի իր օրինակին, սակայն կիևյան ռեժիմի կողմից մայիսի 9-ին Մոսկվային հարվածելու և տոնակատարությունը ձախողելու փորձերի դեպքում ռուսական զորքերը պատասխան զանգվածային հարված կհասցնեն Կիևի կենտրոնին։ ՌԴ-ն, չնայած առկա հնարավորություններին, մարդասիրական նկատառումներից ելնելով նախկինում ձեռնպահ է մնացել նման հարվածներից, նշել են Պաշտպանության նախարարությունում։ Գերատեսչությունում ընդգծել են, որ ՌԴ Զինված ուժերը կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները տոնական միջոցառումների անվտանգությունն ապահովելու համար։
