Politics
Ախուրյանի ՔՊ-ի 80 հոգանոց ցուցակում՝ համայնքապետի խորհրդականի եղբայրը, վարչական ղեկավար ու համայնքապետարանի աշխատակիցներ
Հոկտեմբերի 25-ին Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ։ Ախուրյանում ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է գործող համայնքապետ Զավեն Մանուկյանը։ ՔՊ-ի ցուցակում ընդգրկված է 80 թեկնածու։
ՔՊ-ի հրապարակած համամասնական ցուցակի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ թեկնածուների թվում են համայնքային կառավարման համակարգում գործող պաշտոնյաներ, համայնքապետարանի աշխատակիցներ, ինչպես նաև գործող համայնքապետի շրջապատում պաշտոններ զբաղեցնող անձանց հարազատներ։
Մասնավորապես, ցուցակում ընդգրկված է համայնքապետի խորհրդականը, ինչպես նաև նրա եղբայրը։ Թեկնածուների թվում է նաև Բայանդուրի վարչական ղեկավարը` Բաբկեն Սաղաթելյանը։
Ցուցակում կան նաև համայնքապետարանի աշխատակիցներ ու համայնքային կառույցներում պաշտոններ զբաղեցնող այլ անձինք։
ՔՊ-ի ցուցակը գլխավորում է Զավեն Մանուկյանը, երկրորդ համարն է Կարեն Ներսիսյանը։ Ցուցակում հաջորդաբար ընդգրկված են Հասմիկ Նավոյանը, Գևորգ Բաբուջյանը, Վասյա Արշակյանը, Շամիրամ Եղիազարյանը, Սևակ Մարգարյանը, Վաչագան Հովհաննիսյանը, Էլիզա Հովսեփյանը և մյուս թեկնածուները։
Ախուրյանի ընտրությունների այս տարվա առանձնահատկությունն այն է, որ համայնքում այլ քաղաքական ուժ չի առաջադրվել։ «Արմենպրես»-ը ևս հայտնել է, որ առաջադրումների փուլից հետո Ախուրյանում ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրել է միայն ՔՊ-ն։
Միևնույն ժամանակ, Ախուրյանի համայնքային իշխանության ներկայիս կազմի մի շարք ներկայացուցիչներ շարունակում են ներգրավված լինել համայնքի կառավարման գործընթացներում։ Մասնավորապես, համայնքի ավագանու 2026 թվականի մայիսի որոշման մեջ որպես ավագանու անդամներ նշված են, այդ թվում, Կարեն Ներսիսյանը, Սուսաննա Սիմոնյանը, Սահականուշ Շահբազյանը, Վաչագան Հովհաննիսյանը և այլք։
Ախուրյանում նախորդ՝ 2021 թվականի ՏԻՄ ընտրություններին պատկերը այլ էր․ այդ ժամանակ ընտրություններին մասնակցում էին երեք քաղաքական ուժեր։ ՔՊ-ն ստացել էր 13 մանդատ, սակայն իշխանություն չէր ձևավորել։ 2023 թվականի հուլիսին համայնքի ղեկավար ընտրվեց ՔՊ-ի թեկնածու Զավեն Մանուկյանը։
Այս տարվա ընտրություններին, սակայն, Ախուրյանի ընտրողին ներկայացված է մեկ քաղաքական ուժի ցուցակ՝ 80 թեկնածուով։ Քվեարկությունը տեղի կունենա հոկտեմբերի 25-ին։
Ա. Ղազարյան
